Մրցավարական սկանդալ Արգենտինայում
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի «Նյուվելս Օլդ Բոյս» - «Արսենալ Սարանդի» հանդիպումը, որն ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով, մեծ սկանդալի պատճառ դարձավ:
«Նյուվելս Օլդ Բոյսի» երկրպագուները թիմի պարտության մեջ մեղավոր են համարում միմիայն հանդիպման գլխավոր մրցավար Պաբլո Լունատիին, որի կայացրած որոշումները, ըստ նրանց, կողմնակալ են եղել: Այդ իսկ պատճառով խաղի ավարտից հետո առավել ծայրահեղական ֆուտբոլասերները հարձակվել են մրցավարների սենյակի վրա եւ ցանկացել հաշվեհարդար տեսնել` վանկարկելով. «Լունատի, դու այստեղից չես գնա»:
Ոստիկաններից պահանջվել է մոտ 15 րոպե, նրանց հանգստացնելու համար, ընդ որում իրավապահները ստիպված օգտագործել են արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ: Արդյունքում, տասնյակ ֆուտբոլասերներ վնասվածքներով տեղափոխվել են Ռոսարիո քաղաքի հիվանդանոցներ:
Հարձակման ժամանակ տուժել են նաեւ «Արսենալ Սարանդիի» ֆուտբոլիստները, քանի որ երկրպագուները տարբեր առարկաներ են նետել այն հանդերձարանի ուղղությամբ, որտեղ դեռ գտնվելիս են եղել հյուրերը:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է «Նյուվելս Օլդ Բոյսի» անսպասելի պարտությամբ` 1:2: Դաշտի տերերից միակ գոլը խփել է ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը: