Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Live. Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին (տեսանյութ)

«Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին ՏՏ, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում». վարչապետը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումին

Շարունակվում է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելես։

Այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին։ Համաժողովին մասնակիցների թիվը շուրջ 250 է՝  Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար համայնքի շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման խոսքերով Հայաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը ողջունել են Լոս Անջելեսի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մարիա Սալինասը, Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի ղեկավար Սթիվեն Չանգը, Լոս Անջելեսի բիզնես ֆեդերացիայի ղեկավար Թրեյսի Հերնանդեզը, Լոս Անջելեսի քաղաքային կենտրոնական ասոցիացիայի փոխնախագահ Թինա Օհը։

Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որի մանրամասները՝ տեսանյութում.

 Հաջորդիվ ելույթներով են հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով անդրադարձել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղություններին, և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, տնտեսական աճի ընթացիկ դինամիկան, ներդրումային միջավայրը։ Արտերկրյա մասնավոր ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչ Բրայան Չըրչհիլն էլ իր խոսքում անդրադարձել է հայ-ամերիկյան ներդրումային համագործակցության զարգացման հնարավորություններին։

Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումի ընթացքում ստորագրվել է Փոխըմբռնման երկու հուշագիր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Լոս Անջելեսի առևտրաարդյունաբերական պալատի միջև և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի միջև։ Համագործակցության հուշագրերի շրջանակում Հայաստանը և Լոս Անջելեսը կզարգացնեն համագործակցությունը և փորձի փոխանակում կիրականացնեն, մասնավորապես, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում։

Համաժողովի ավարտից հետո ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «FoxNews11» հեռուստաալիքին։

Հայաստանի վարչապետի՝ Լոս Անջելես այցի օրակարգն ավարտվել է։ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սան Հոզե, որտեղ նախատեսվում են ՀՀ վարչապետի այցելությունները Սիլիկոնային հովտում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերություններ, հանդիպումներ և քննարկումներ ընկերությունների ղեկավարության և հայազգի մասնագետների հետ, ինչպես նաև համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրում։