Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Չեմ կարծում՝ Արթուր Վանեցյանն ունի այնպիսի տեղեկություն, որից իշխանությունը պետք է վախենար․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի հավատում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մոտ մարդ է ուղարկում, որպեսզի նա լռի։

«Չեմ կարծում, որ Արթուր Վանեցյանն ունի այնպիսի տեղեկություն, որ մեր իշխանությունը պետք է դրանից վախենար։ Եթե ուներ հայտարարություն, թող աներ, ինչո՞ւ չէր անում պաշտոնավարման ընթացքում։ Սպայի ուսադիրները պետք է նրան դրդեին, որ նա պաշտոնավարման ընթացքում աներ բոլոր այն հայտարարությունները, ինչի մասին հիմա խոսում է։ Դա ևս մեկ ապացույց, թե ինչու նա պետք է հեռանար այդ պաշտոնից, որովհետև եթե նա ունի ինչ-որ ասելիք և չի ասում, բա ո՞ւր մնացին սպայի ուսադիրները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հրաչյա Հակոբյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը վստահ է, որ Արթուր Վանեցյանի քաղաքական հայտարությունները քաղաքականություն մուտք գործելու հայտ են։ Կհաջողի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, բայց պետք է նա ժողովրդի վստահությունը վայելի։ Իսկ վստահո՞ւմ է հանրությունը, հարցրեցին լրագրողները։

«Հանրությունը նրան վստահում էր, երբ որ նա այս իշխանության մեջքին էր և ամեն ինչ անում էր, որ իշխանությունը հաջողի։ Ի վերջո Արթուր Վանեցյանը ե՞րբ դարձավ Արթուր Վանեցյան, երբ որ նա նշանակվեց ԱԱԾ պետ, երբ որ իշխանությունը նրան լիազորություն տվեց բացահայտել հանցագործություններ․․․ ։ Այսօր այդ մարդը փորձում է վարկաբեկել, վստահ եմ՝ ժողովուրդը դրան այլ գնահատական կտա»,- պատասխանեց պատգամավորը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին, ասել էր՝ «Սպան այդպիսի բան անի, դա ի՞նչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»։

Այսօր Արթուր Վանեցյանը անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով»,- ասել է Արթուր Վանեցյանը։