Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mrcavar 21.09.
A A
Սպորտ

«Փյունիկին» մտահոգել է «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» խաղի մրցավարի նշանակումը (տեսանյութ)

«Փյունիկ» ՖԱ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» հանդիպման մրցավարի նշանակմանը:

«Սույն թվականի սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» հանդիպման սպասարկումը վստահված է Արտակ Սիմոնյանին:

Այս կապակցությամբ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է իր խիստ մտահոգությունն ու զարմանքը: Մայիսի 21-ին ՀՖՖ մրցավարական կոմիտեի կողմից կայացվել էր որոշում՝ մայիսի 20-ին կայացած «Լոռի» - «Փյունիկ» հանդիպման խիստ կասկածելի մրցավարության դեպքի առիթով, որը փաստացի ունեցավ էական ազդեցություն չեմպիոնության որոշման համար, «սկսել ներքին քննություն, իսկ մրցավար Արտակ Սիմոնյանին որակազրկել մինչև հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրության ավարտը»:

Նշենք, որ այս չորս ամիսների ընթացքում որևէ տեղեկատվություն, հրապարակային կամ ոչ հրապարակային չի ներկայացվել հանրությանը կամ ֆուտբոլային ակումբներին, որպես անկողմնակալ մրցավարության առաջնային շահառուների՝ վերոնշյալ ներքին քննության ընթացքի, ավարտի և արդյունքների մասին, որի հետևանքով Արտակ Սիմոնյանին նորից վստահվել է սպասարկել Բարձրագույն խմբի հանդիպում:

Նման ոչ թափանցիկ ձևաչափով որոշումների կայացումը, այդ որոշումների հիմնավորումները հանրությանը չներկայացնելը որևէ կերպ չի նպաստում մրցավարական կորպուսի նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Ուստի, հորդորում ենք տեղեկացնել ֆուտբոլային հանրությանը մրցավար Արտակ Սիմոնյանի գործողությունների վերաբերյալ ներքին քննության արդյունքների և նրա որակազրկումը դադարեցնելու հիմքերի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ «Լոռի» - «Փյունիկ» խաղին գլխավոր մրցավարը տանտերերի դարպասին չէր նշանակել մաքուր 11մ հարված, որի արդյունքում հյուրերը զրկվել էին խաղը հաղթելու լավ հնարավորությունից: Արդյունքում, փյունիկցիները 2 միավոր էին կորցրել և նահանջել առաջին տեղից:

Ի դեպ, «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» խաղից հետո (2:0) կապանյան ակումբն իր ֆոյսբության էջով հայտնել է, որ բողոք կներկայացնի ՀՖՖ-ին, քանի որ թիմի հարձակվող Վարդան Պողոսյանը խաղի կանոների սահմանում գրավել է մրցակցի դարպասը, սակայն մրցավարը արձանագրել է խաղից դուրս իրավիճակ։