Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

36 միջոցառում

Սպորտ

Սպորտի «թագուհու»` թեթեւ աթլետիկայի մեր ներկայացուցիչները 2010 թվականին կմասնակցեն 10 միջազգային մրցաշարերի: Այդ մասին «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայից:

Ըստ ՀԱՖ-ի 2010 մարզական միջոցառումների օրացուցային պլանի գալիք տարում անդրանիկ մրցումը կլինի Աթլետիկայի օլիմպիական թիվ 1 մարզադպրոցի ձմեռային բաց առաջնությունը, որը կանցկացվի հունվարի 21-22-ը, Երեւանում:

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը փետրվարին ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում (ընդհանրապես տարվա ընթացքում նախատեսվել է 4 հավաք), որից հետո կմասնակցի Իրանում անցկացվող «Արեւածագի 10 օր» միջազգային ավանդական մրցաշարին: Մարտի 12-14-ը հայ մարզիկները կմասնակցեն աշխարհի ձմեռային առաջնությանը, որը տեղի կունենա Դոհայում:

Կարեւոր մրցումներից են նաեւ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը (21-23 մայիսի, Մոսկվա), Եվրոպայի թիմային առաջնությունը (19-20 հունիսի, Մալթա), Եվրոպայի առաջնությունը (27 հուլիսի - 1 օգոստոսի, Բարսելոնա), պատանեկան օլիմպիական խաղերը (14-26 օգոստոսի, Սինգապուր), որոնք նույնպես ընդգրկված են օրացուցային պլանում:

Հավելենք, որ Հայաստանի առաջնությունը կանցկացվի մայիսի 29-30-ը, Արտաշատում, իսկ սեպտեմբերին մեր մարզադպրոցների հավաքականները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի բաց առաջնությանը:

Նշենք, ՀԱՖ-ն ընդհանրապես նախատեսել է 36 միջոցառում, որոնցից 10-ի անցկացնող կազմակերպությունը կլինի ֆեդերացիան, 10-ինը` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, 1-ը` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: