Ֆուտբոլային «ժանտախտը» տարածվում է
Աջակցիր «Ա1+»-ինՊայմանավորված խաղերի «ուրվականը» շարունակում է ճանապարհորդել Եվրոպայում: Իսկ «ուրվականը» արդեն Գերմանիայից հասել է Իսպանիա:
«Էլ պաիս» օրաթերթը բացահայտել է, որ երկրի ֆուտբոլի առաջնության 1-ին եւ 2-րդ խմբում հանդես եկող ֆուտբոլիստները խաղադրույքներ են կատարել հենց իրենց թիմերի մասնակցությամբ խաղերի վրա: Նրանք թվով յոթն են: «Սարագոսայի» դարպասապահ Լոպես Վալյեխոն, որը կասկածյալներից մեկն է, հերքել է բոլոր մեղադրանքները, ավելացնելով, որ պատրաստ է համագործակցել համապատասխան մարմինների հետ: Իսկ ահա «Կորդոբա» թիմի ֆուտբոլիստ Սեբալյոսը ասել է, որ այդ գումարներն ինքն է վաստակել, ուստի ինչպես ուզենա, այնպես էլ կծախսի: Իսկ մնացածը պարզապես հրաժարվել են պատասխանել թերթի հարցերին:
Հարկ է նշել, որ պայմանավորվածության մեջ մեղադրվում են նաեւ երկու ակումբներ` «Լաս Պալմասն» ու «Ռայո Վալյեկանոն»: Այս տարվա հունիսի 13-ին թիմերի միջեւ կայացած հանդիպման արդյունքը (0:0) կասկած է առաջացրել շատերի մոտ, քանի որ այն ձեռնտու է եղել երկու կողմերին: «Լաս Պալմաս» ակումբից հաստատել են այդ փաստը` նշելով, որ իրենք վաղուց հետաքննություն են անցկացնում: Վերջին փաստն հետաքրքրել է նաեւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որը նույնպես պատրաստվում է անկախ հետաքննություն վարել:
Ի դեպ, Իսպանիայում առաջին անգամ չեն անդրադառնում պայմանավորված խաղերի թեմային: Մասնավորապես` անցած տարվա դեկտեմբերին «Տեներիֆեի» նախկին ֆուտբոլիստ Խեսուլին «ծպտված» լրագրողի հետ զրույցի ժամանակ ասել էր, որ ժամանակին իրեն 7000 եվրո են տվել «Մալագայի» հետ խաղը «հանձնելու» համար:
Իսպանական թերթերն իրենց ընթերցողների շրջանում ներկայումս հարցում են անցկացնում` պարզելու, արդյոք ֆուտբոլում թույլ տան խաղադրույքները, թե` արգելեն: Պատասխանողների 64 տոկոսը գտնում է, որ հարկավոր է այն արգելել: