Անօթեւանը կարո՞ղ է վարկ վերցնել
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի համար դեռ առաջնային խնդիր է անօթեւանությունը: 1988-ի աղետից հետո ընդամենը երկու տարվա համար նախատեսված տնակները 21 տարի անց արդեն շարքից դուրս են եկել եւ շատերը բնակության համար դարձել ոչ պիտանի: Մինչդեռ ամեն տարի պատասխանատուներն անօթեւանություն բառը վերացնելու նոր ժամկետներ են նշում:
Հիշենք, որ դեռ տարիներ առաջ 88-ի աղետից հետո մեր բառապաշար մուտք գործած ՙանօթեւան՚ բառը պատասխանատուների վստահեցմամբ 2000-2005թթ.- ին արդեն չէր լինելու: Անօթեւան հասկացությունն այժմ էլ կա, ինչպես նաեւ դեռ տնակներում բնակվող 4000 ընտանիք կա: Սակայն տարիների ընթացքում խնդրի հանդեպ վերաբերմունքը փոխվել է:
72-ամյա գյումրեցի Շիրակ Թորոսյանը կնոջ եւ որդու հետ արդեն 21 տարի բնակվում է ժամանակավոր կացարանում: Երկու տարվա համար նախատեսված տնակը 21տարվա փորձությանը հազիվ է դիմակայում: Ժամանակի ազդեցությունից քայքայված տնակի պատերը ծերունին ներկել է, սակայն վստահ չէ, թե դրա շնորհիվ՝ եւս որքան կարելի կլինի ապրել դրանց ներսում:
Թե երբ է բնակարան ստանալու, Շիրակ պապիկը չգիտի, կինը` Անահիտ Մադոյանն է հարցով առավել շատ հետաքրքրվել:
Այժմ Գյումրիում բնակարանաշինություն իրականացնում է միայն մեկ կազմակերպություն՝ Գլենդել Հիլզը: Ավտոկայանի տնակային ավանում բնակվող Ալբերտ Վահանյանն էլ գոնե հաջորդ տարի բնակարան ունենալու հույս ունի: Սակայն այն ինչ տեսել եւ լսել է, իրեն քիչ է ուրախացնում:
ՙԴրանք խցեր են, սենյակների մեծությունը ճիշտ այնքան է, որքան իմ տնակը: Էլ չհաշված պատերի բարակությունը: Հարեւանս կողքի տանը ինչ խոսի, իմ սենյակում կլսվի: Էդտեղ էլ ի՞նչ ջերմություն պտի մնա: Էդքան տարի սպասեցինք, հույսով ապրեցինք, որ մի օր նորից մարդավայել կապրենք, իսկ իշխանությունը մեզ տեսեք՝ ինչ է տալիս՚,- ասում է նա:
ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ այս առումով նշում է, որ պետությունը փորձում է պարտքի խնդիրը լուծել, եւ չէր էլ կարելի շքեղ բնակարաններ ակնկալել:
Մինչդեռ Գյումրիի քաղաքապետը գոհ է բնակարանաշինությունից եւ հպարտությամբ նշում է. ՙՏեսեք՝ ինչ բնակարաններ ենք կառուցել՚:
Թե ինչ բնակարաններ են սարքում, մենք հնարավորություն ունենք տեսնել միայն ցանկապատից այս կողմ: Ասում են՝ շինարարության անվտանգության նկատառումներից ելնելով: Ամեն դեպքում շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ: Հնարավոր է նաեւ, որ դեկտեմբերի 7-ին որոշ շենքեր շահագործման հանձնվեն: Ընդհանուր առմամբ Գլենդել Հիլզի բնակարանաշինական ծրագրով նախատեսված է շահագործման հանձնել 1300 բնակարան: Իսկ մնացած անօթեւանների խնդիրը լուծելու համար իրականացվելու է վարկային ծրագիր:
Դրանով մոտ երկու հազար բնակարան է կառուցվելու, տրամադրվել է 14 հեկտար տարածք: Ցանկացողները կարող են ընդգրկվել ծրագրում:
Իսկ թե անօթեւան ընտանիքներից քանիսն ի վիճակի կլինեն վարկ վերցնելու , պարզ կլինի արդեն 2010 թվականին ՝ ծրագրի հաստատումից հետո:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ