Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱստՊետ
A A
Հասարակություն

Աստվածատուր Պետրոսյանը` Մարտիմեկյան իրադարձությունների և զորքերի ներգրավման մասին (տեսանյութ)

«Ես չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը հանցանք է գործել․ խոսքերս կոնկրետ վերաբերում է Սեյրան Օհանյանին կամ այն մարդկանց, որոնք բանակում դրել են հոգի, սիրտ». այդ մասին նշեց «Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտիկ, Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ «Մարտի 1»-ի իրադարձություններին անդրադառնալով։

Պետրոսյանն ընդգծեց, որ թե՛ աշխատանքում, թե՛ կռվի դաշտում ուսադիրներին ուշադրություն չեն դարձրել։ Նրա խոսքով՝ ինչ էլ որ փոխվի, անկախ իշխող ուժերից, մարտավարություններից, բանակը պետք է լինի կուռ և ազդեցիկ, որովհետև այն պետության սյունն է։ 

2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների օրերին Պետրոսյանը փրկարարական աշխատանքներ է իրականացրել։ 

«Հրշեջ մեքենայով գնացի, որ այդ վառվող մեքենաները հանգցնեմ։ Ժողովուրդը, որ տեսավ Պետրոսյան Ալիկն է, ճանապարհը բացեց։ Երբ որ բանակը այդ ժամանակ մտավ, երբ որ ժողովուրդը բանակայիններին տեսավ, կանգնեց, բանակին հարգելով՝ կանգնեց, թե չէ այդ կրակը շատ ջուր էր վերցնելու»,- մանրամասնեց գեներալ-մայորը։   

Բանակին բոլոր ժամանակներում, ըստ Պետրոսյանի, երբևէ կրակելու հրաման չի տրվել։ Արծիվ-մահապարտների միության նախագահը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք «Հոկտեմբեր 27»-ի իրադարձություններից հետո ինքն առաջին հրաժարական տվողներից մեկն է եղել՝  2000 թվականին (հեղ․ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից)։ Մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ Պետրոսյանը սպասում է դատարանների իրավական գնահատականներին։ Սակայն նա նշեց, որ հին գործերից պետք է առաջինը բացվեր «Հոկտեմբերի 27»-ը և հետո մյուսները։ Նա նաև հիշեց սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը․ 

«Բայց ազգի մեջ կասկածի ժանգը թող չլինի յուրաքանչյուր մեջ»։

Վերադառնալով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զորքերի ներգրավմանը՝ գեներալ-մայորն ասաց, որ զորքերը կատարել են կայազորային տեղաշարժի խնդիր․ 

«Թե ինչու են եկել, թե  ինչպես՝ դա կարող է լինել զորավարժությունների ֆոնի վրա, դա կարող է լինել հրամաններով»։

 Նրա խոսքով՝ դիտավորություն է եղել վերցնել Սովետաշենի գունդը՝ կամովի կամ առանց դրա։ Հարցին, թե ո՞վ, պատասխանեց․ «Ով որ ապստամբություն է բարձրացնում․ դա զինված է լինում կամ ներքին համաձայնության է գալիս բանակի ինչ-որ․․․ Տեսել եք հեղաշրջումներ, որ բանակն անցել է ժողովրդի կողմը կամ հակառակը»։

Եթե բանակը չղեկավարվի, ըստ նրա, ամենամեծ քաոսն այդ ժամանակ է առաջանում։  Բացի այդ, նա հավելեց, որ ինքը պաշտպանության նախարարությունում չի եղել այդ ժամանակ և տեղյակ չէ 0038 հրամանից։

Նա զուգահեռներ տարավ նաև «Հոկտեմբերի 27»-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցող իրավիճակի հետ։ 

«Սպանել են վարչապետին, Ազգային ժողովի նախագահին։ Բանակը դրա մասին չգիտեր, զորավարժությունների մեջ էր թե՛ Ղարաբաղում, և թե՛ այստեղ։ Ե՛վ նախարարը, և՛ տեղակալները, ոչ մեկը այստեղ չէր։ Ու բանակին կարող էր ղեկավարել ցանկացած անձ, այդ թվում՝ Նաիրի Հունանյանը կամ ինչ-որ մեկը, որ Նաիրի Հունանյանին էր ղեկավարում։ Բանակը ո՞վ պետք է ղեկավարեր»,- հարցադրում արեց Պետրոսյանը։

Վերջինս ընդգծեց, որ արտակարգ իրավիճակի պարագայում բոլոր ուժերը մոբիլիզացվում է հայրենիքի պաշտպանության համար։ «Մի՞թե հեռուստատեսությունը վերցված չէր «Հոկտեմբերի 27»-ին, մի՞թե օդանավակայանը վերցված չէր։ Եթե ես չմտցնեի հատուկ նշանակության զորքերը, որոնք այդ պահին ոչ մեկի կողմից չէին»,- նշեց նա։

2008 թվականին, ըստ գեներալ-մայորի, արտակարգ իրավիճակի (նկատի ունի արտակարգ դրությունը – հեղ․) մասին օրենքն ընդունված չէր ու հակասում էր Պաշտպանության մասին օրենքին․ ըստ պաշտպանության մասին օրենքի՝ կարելի էր զորքեր ընդգրկել, իսկ արտակարգ իրավիճակների մասին օրենքը լրամշակման փուլում էր։ 

«Արտակարգ իրավիճակ ասելով՝ հասկանում են նաև պատերազմը, արտակարգ իրավիճակները՝ բոլոր աղետները, զինված ընդհարումները, բոլորն արտակարգ իրավիճակներ են։ Արտակարգ իրավիճակների գոտիներ են բաժանվում, թե որտեղ է եղել այդ արտակարգ իրավիճակը, որտեղ է ձախողվել երկրի բնականոն ընթացքը։ Արտակարգ իրավիճակների, արտակարգ ռեժիմի անցնելու օրենքը  դեռևս լրամշակված չէր։ Մենք վերջին անգամ այդ թեմայով զորավարժություն ենք կարողացել անել 1912 թվականին»,- եզրափակեց Աստվածատուր Պետրոսյանը։