Թուրքական ծաղկեփունջ' սեւ ժապավենով
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմի հետ:
Նախ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը շնորհավորեց «Հատիս» թիմին Թուրքիայում տարած հաղթանակի կապակցությամբ:
Նա այդ առիթով թիմի ղեկավարներին, մարզիչներին ու մարզուհիներին հանձնեց նախարարության շնորհակալագրեր, իսկ մարզուհիներին նվիրեց նաեւ հատուկ պատրաստված մարզաշապիկներ:
«Հատիս» ակումբի խորհրդի անդամ Հրաչյա Ռոստոմյանը, ով միաժամանակ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է, սկզբում պատմեց Թուրքիա կատարած այցի մասին.
«Մենք որոշեցինք Թուրքիա մեկնել Թբիլիսիով, որպեսզի խաղից մեկ օր առաջ հասնեինք Ստամբուլ եւ ավելի լավ պատրաստվեինք «Բեշիկթաշի» հետ հանդիպմանը: Բայց Թբիլիսիում պարզվեց, որ Ստամբուլում մառախուղ է, եւ չվերթը հետաձգվում է: Հինգշաբթի առավոտյան այն եւս երկու անգամ հետաձգվեց: Ստամբուլ հասանք տեղի ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին, եւ անմիջապես հայտնվեցինք անվտանգության աշխատակիցների հսկողության տակ»:
Այնուհետեւ Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ «Բեշիկթաշի» ժպտերես ներկայացուցիչներն անընդհատ իրենց կողքին էին գտնվում եւ ամեն ինչ անում էին լավ ընդունելություն կազմակերպելու համար: «Մեր բասկետբոլիստուհիները զգուշավորություն դրսեւորեցին եւ ճաշի ժամանակ հրաժարվեցին մսամթերքից: Խաղից առաջ դաշտի տերերը ծաղկեփունջ նվիրեցին մեր ավագ Բոյանա Վուլիչին, սակայն նա վերադարձրեց այն թուրքերին, քանի որ սեւ գույնի ժապավենով էր փաթեթավորված: Իսկ հանդիպման ավարտից հետո «Բեշիկթաշի» ներկայացուցիչներն այլեւս չերեւացին: Մնացին մենք ու անվտանգության աշխատակիցները»:
Ակումբի խորհրդի անդամը նաեւ մատնանշեց, որ «Հատիսին» ջերմ ընդունելություն ցույց տվեցին Թբիլիսիի օդանավակայանում, Վրաստան - Հայաստան սահմանում եւ Երեւանի այն հյուրանոցում, որտեղ ապրում են լեգեոնական բասկետբոլիստուհիները:
Լրագրողներից մեկի այն հարցին, արդյոք ակումբի ներկայացուցիչներից որեւէ մեկը խաղադրույք կատարել է «Հատիսի» հաղթանակի վրա, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց, որ իրենք տոտալիզատորով չեն հետաքրքրվում եւ խաղադրույքներ ընդհանրապես չեն կատարում:
Խոսելով վաղը կայանալիք «Հատիս» - «Աթինաիկոս» հանդիպման մասին, Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ բոլոր տոմսերն արդեն սպառվել են եւ հանդիպումն այս անգամ կանցնի լեփլեցուն տրիբունաների ներքո: