Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կեղծ օրակարգ է․ Գևորգ Գորգիսյանը՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի համոզմամբ՝ տարիներ շարունակ կուսակցությունները գոյատևել են օլիգարխների շնորհիվ։

«Կուսակցությունները դառել են գործատու հասարակության անդամների համար, և քաղաքացին սովոր է կուսակցություններից գումար ստանալ։ Այս մոդելը չի կարող լինել ժողովրդավարական, և այդ կուսակցությունը չի կարող ծառայել այն քաղաքացուն, որին փող է տալիս, դրա համար էլ մոդելի կտրուկ փոփոխություն է պետք»,- «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Գորգիսյանը։

Ի՞նչ մոդել կլինի, դեռ պարզ չէ, բայց ըստ պատգամավորի՝ խրախուսվում է թե՛ քաղաքացիների նվիրատվությունը կուսակցություններին, թե՛ պետության։

«Հիմա մենք փորձում ենք գտնել լավագույն լուծումը, սրան գումարելով թափանցիկությունը։ Եթե պետական փողեր պետք է լինեն կուսակցություններում, ապադ դրանք անպայման պետք է լինեն թափանցիկ և հանրության համար վերահսկելի»,- ընդգծեց նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեցինք՝ հավանական համարո՞ւմ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն, ի պատասխան՝ պատգամավորը շեշտեց․

«Չեմ կարծում, որ հավանական է։ Քանի դեռ խորհրդարանում կա մեծամասնություն․․․ մենք ինչո՞ւ ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև Հանրապետականը կորցրել էր իր մեծամասնությունը։ Քանի դեռ Կառավարությունն Ազգային ժողովում ունի մեծամասնություն, արտահերթ ընտրությունների մասին խոսելը կեղծ օրակարգ է»։