Չկա էդպիսի բան․ Դավիթ Տոնոյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հերքեց իր հրաժարականի մասին լուրերը։
«Ինչպես տեսնում եք՝ արդարացված չեն։ Չէ, չէ, չէ․․․ Չկա էդպիսի բան»,- ասաց նա՝ ի պատասխան լրագրողների հարցերին։
Պաշտպանության նախարարը նաև բացառեց իր պաշտոնավարումը Ազգային անվտանգության ծառայության համակարգում։ Տոնոյանը չմեկնաբանեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը և հրաժարականի խոսքը՝ նշելով, որ դա Վանեցյանի գործն է․
«Ես կարծում եմ` առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական»։
Անդրադառնալով Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ հարցին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասաց, որ տեղյակ չէ դրանից՝ միաժամանակ հերքելով Ազգային անվտանգության խորհրդի ժողովի ընթացքում այդ թեմայով խոսակցությունների մասին լուրը։
«Չեն կարող լինել տարաձայնություններ․ շատ սինխրոնիզացված և որպես կառավարության անդամ` աշխատանք է ծավալվում»,- իր և կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև հարաբերությունների մասին ասաց նա։
Հարցին, թե իրեն հայտնի՞ է որևէ բան Փաշինյանի և Վանեցյանի միջև տարաձայնությունների մասին, պաշտպանության նախարարը պատասխանեց, որ ոչ։ Տոնոյանը չի կարծում, որ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները, փոփոխությունները սպառնալիք են պետական անվտանգությանը՝ ընդգծելով, որ համակարգ է գործում։ Իսկ ՊՆ-ում հնարավոր պաշտոնանկություններ, նրա խոսքով, դեռևս չեն նախատեսվում։
Դավիթ Տոնոյանը, խոսելով Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետազոտող հանձնաժողով իրեն հրավիրելու մասին, նշեց, որ դեռևս չի հրավիրվել քննարկման։
«Խոսվում է։ Հանձնաժողովն իր աշխատանքները կավարտի, կտեսնենք, արդյունքներից ելնելով՝ որոշում կկայացնենք»,- հնարավոր պաշտոնանկությունների մասով շարունակեց նա՝ հաստատելով որոշակի արդյունքներից իր՝ տեղեկացված լինելու հանգամանքը։
Տեսանյութը՝ Aysor.am-ի