Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում բացվել է լեզվաբան Հովհաննես Բարսեղյանի կիսանդրին

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղ է ունեցել լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր գործիչ Հովհաննես Բարսեղյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:

Բարսեղյանը հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, ավելի քան 20 մենագրության:

Ականավոր գիտնականը և դասախոսը պրոֆեսորներ, պատմաաշխարհագետ, պատմական գիտությունների դոկտոր Թադևոս Հակոբյանի և պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Մելիք-Բախշյանի հետ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» հնգհատորյա կոթողային աշխատության համահեղինակ է, որը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է։

2003 թ. այդ եզակի բառարանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։

Հայտնի լեզվաբանի կիսանդրու բացման  արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Հովհաննես Բարսեղյանի որդիները, թոռները և ուսանողներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից:

 Ներկաներին  ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:

«Այսօր տոն է ԵՊՀ-ում և Հայ բանասիրության ֆակուլտետում: Մենք հանդիսավորությամբ բացելու ենք անվանի լեզվաբանի կիսանդրին, որն իր հայացքով, իր ներկայությամբ հսկելու է լեզվաբանության հետագա զարգացումները»,- նշեց դեկանը:

Ներկայացնելով Հ. Բարսեղյանի ունեցած ավանդը լեզվաբանության զարգացման մեջ ՝ Ա. Ավագյանն ընդգծեց, որ պրոֆեսորն իր վիթխարի ժառանգությամբ բռնել է հավերժի ճամփան:

Ա. Ավագյանի նկարագրմամբ, Հովհաննես Բարսեղյանի բարդ բնավորությանը միավորված էին անհուն բարությունն ու սովորելու նկատմամբ խստապահանջությունը:

Հ. Բարսեղյանի կյանքի, գիտական ու հասարակական  ակտիվ գործունեության  մասին խոսեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը. «Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր իրադարձության և  մեր հոգևոր մեծ դարբնոցի՝ ԵՊՀ-ի հիմնադրման փառապանծ 100-ամյակի կապակցությամբ»:

Անվանի լեզվաբանի մասին պատմեցին նաև նրա սաները՝ Ռուբեն Սաքապետոյանը և Նարինե Դիլբարյանը: Վերջիններս իրենց երախտիքի և շնորհակալական խոսքերը հղեցին երջանկահիշատակ պրոֆեսորին:

«Բարսեղյանն ուսանողների սիրելին էր՝ նրանց պաշտամունքի առարկան»,- ընդգծեց Ռ. Սաքապետոյանը:

Իսկ Ն. Դիլբարյանի դիտարկմամբ, Հովհաննես Բարսեղյանը ոչ միայն մեծ գիտնական էր, այլև հրաշալի կազմակերպիչ և ուսուցիչ. «Սիրելի ՛ուսանողներ, թող ձեզ հանդիպեն այնպիսի ուսուցիչներ, որոնք ամեն օր ձեզ կզանգեն և կհարցնեն՝ ինչպիսի աշխատանք եք կատարել: Հենց այս պահանջատիրության շնորհիվ են կերտվելու իսկական բանասերներ»:

Հովհաննես Բարսեղյանի միջնեկ որդին՝ Վահան Բարսեղյանը, որը երկար տարիներ Մոսկվայում է եղել, նշեց, որ հիացած է այսպիսի միջոցառմամբ. «Հովհաննես Բարսեղյանն ազգային կերպար էր՝ նվիրված հայրենիքին, լեզվին, մշակույթին: Նա արժանի էր այսպիսի ուշադրության, և ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բարձր են գնահատում իմ հոր ունեցած ավանդը լեզվաբանության զարգացման մեջ»:

Նշենք, որ կիսանդրու հեղինակը քանդակագործ Տիգրան Մուրադյանն է: