Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պողոս Գալստյանը պաշտոնանկ կարվի

Սպորտ

Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզիչ Պողոս Գալստյանը ստիպված է թողնել այդ պաշտոնը, քանի որ Կրասնոդարի մարզի գուբերնատորի տեղակալ Նիկոլայ Դելուդան հայտարարել է, որ թիմն առաջիկայում նոր գլխավոր մարզիչ կունենա: «Այդ հարցով անձամբ զբաղվում է մարզի գուբերնատոր Ալեքսանդր Տկաչեւը: Այժմ մենք բանակցություններ ենք վարում մի քանի փորձառու եւ հեղինակավոր մասնագետների հետ: Դեկտեմբերի կեսին արդեն կանվանենք թիմի նոր գլխավոր մարզչի անունը, ով եւ կզբաղվի թիմի համալրման աշխատանքներով»:

Նշենք, որ «Կուբանը» այս տարի չկարողացավ իր տեղն պահպանել ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության պրեմիեր լիգայում, եւ եկող տարվանից հանդես կգա 1-ին խմբում: Ի դեպ, ակումբի ղեկավարները Պողոս Գալստյանին թիմ հրավիրեցին այն բանից հետո, երբ ստիպված պաշտոնանկ արեցին գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովին' ցածր արդյունքներ ցույց տալու համար: Հայ մասնագետին, ավաղ, չհաջողվեց շտկել վիճակը, քանի որ թիմը շատ-շատ կորուստներ էր կրել առաջնության սկզբում (17 խաղում 36 միավոր):

«Կուբանի» գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը նշել է, որ 2010 թվականին կշարունակի ֆինանսավորել թիմը եւ ֆինանսական խնդիրներ չեն լինի. «Ես կիսում եմ մեր երկրպագուների ապրումներն ու հիասթափությունը: Սակայն մենք չենք հանձնվում եւ կձգտեն ավելի շատ աշխատել եւ մեկ տարի անց կրկին վերադառնալ պրեմիեր լիգա»:

Հավելենք, որ մարզի ղեկավարությունը ցանկանում է ակումբի համար կառուցել նոր մարզադաշտ եւ մարզաբազա, որի համար արդեն հողատարածություններ է հատկացրել: