Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Բակո Սահակյանի մասնակցությամբ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում դպրոց է բացվել

Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնք, որտեղ կայացել է հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է «Հայրենասեր» հասարակական կազմակերպության ժողոված հանգանակության միջոցով։ Կրթօջախն անվանակոչված է 2016 թ ապրիլյան պատերազմում 6-րդ պաշտպանական շրջանի N մարտական դիրքի պաշտպանության ժամանակ մարտիրոսված հետախուզական դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անունով։ Միջոցառմանը մասնակցել են նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, հերոս Մ Ստեփանյանի ընտանիքը, «Հայրենասեր» հկ-ի համահիմնադիր Նելլի Մարտիրոսյանը, Բերձորի սբ Համբարձման եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, համայնքի բնակիչներ և հյուրեր։

Իր բարեմաղթության խոսքում Տեր Բենիամինը շնորհավորել է ներկաներին նման կրթօջախի բացման առթիվ՝ մաղթելով այնտեղ ուսանող աշակերտներին ստանալ այնպիսի կրթություն, որ թույլ կտա ծաղկեցնել իրենց հայրենիքը և շրջանը։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորը նաև արևշատության և գոտեպնդության խոսք է ուղղել «Հայրենասեր» հկ-ի համահիմնադիրներ տեր և տիկին Ստեփան Սարգսյանին (ներկայումս՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար) և Նելլի Մարտիրոսյանին տարիներ շարունակ Քաշաթաղի շրջանում դպրոցաշինության ծրագրի իրագործման և հետագա շարունակման համար։ 

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՄոշաթաղի դպրոցը «Հայրենասեր» հկ-ի ժողոված հանգանակություններով Քաշաթաղում կառուցված վեցերորդ դպրոցն է։ Ներկայումս դրամահավաք է իրականացվում Միրիկ գյուղի դպրոցի վերակառուցման և ընդլայնման համար։ Մոշաթաղի դպրոցի հիմնանորոգման գլխավոր հովանավորն է եղել Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմը՝ առաջնորդությամբ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի։

 

Իր հերթին Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ս Սարգսյանը, շնորհավորելով բոլոր ներկաներին, նշել է, որ Մոշաթաղի դպրոցի բացումը խորհրդանշում է առհասարակ ամբողջ Արցախի ազատագրման, կայացման և շենացման ընթացքը, քանզի վերջիններիս պես ներառում է պետության, ժողովրդի, ինչպես նաև սփյուռքի մասնակցությունն ու ներդրումը։ Շրջվարչակազմի ղեկավարը նաև կարևորել է այն հանգամանքը, որ տարբեր տարիներին Մոշաթաղում ինչպես պետական միջոցներով, այնպես էլ «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի արդյունքում ներկայումս համայնքում գործում են ոչ միայն դպրոցը, այլև նույնպես հիմնանորոգված մանկապարտեզը, համայնքապետարանը, բուժակ-մանկաբարձի կետը, հանդիսությունների սրահը, որոնք բոլորը միասին թույլ են տալիս Մոշաթաղ գյուղը և համայնքը դարձնել Աղավնոյի գետահովտի և ձորակի ենթակենտրոնը։ Շրջանի վարչակազմի ղեկավարը նաև մաղթել է, որ դպրոցում ուսանող աշակերտները մշտապես հաղորդակից լինեն Մերուժան Ստեփանյանի թողած պատգամ-խորհրդին առ այն, թե ինչպես է պետք պաշտպանել և շենացնել հայրենիքը։

 

ԾանոթությունՄոշաթաղ համայնքը կազմավորվել է 1994 թ-ի նոյեմբերին՝ նախկին Բոզլու, Ահմադլու, Ղալաչա գյուղատեղիների հիմքի վրա։ Համայնքը բաղկացած է Մոշաթաղ, Հերիկ և Բերդիկ գյուղերից։ Ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 300 մարդ։

 

Ողջույնի խոսք է ասել նաև նախարար Ն Աղաբալյանը, որն ընդգծել է մեր օրերում կրթության և գիտելիքի ստեղծման կարևորությունը, երբ աշխարհն անցում է կատարում գիտելիքի սպառման մշակույթից դեպի գիտելիքի թողարկում։ Նախարարը հույս ու վստահություն է հայտնել, որ Մոշաթաղի դպրոցից դուրս են գալու հենց այդպիսի կարող և ներունակ կադրեր, որոնք կարող են ապահովել հայրենիքի վերազարթոնքը, իսկ Մերուժան Ստեփանյանի կյանքն ու հերոսական մահը մշտապես դաս են լինելու մոշաթաղցի աշակերտներին, որ հայրենիքն է բոլոր արժեքներից մեծագույնը։

Շնորհակալության և ողջույնի խոսք է ասել նաև հերոս Մերուժան Ստեփանյանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը։ Վերջինս իր երախտագիտության խոսքն է հղել բոլոր նրանց, ովքեր օգնել են ոտքի կանգնեցնելու Մոշաթաղի դպրոցի շենքը՝ թույլ տալով մոշաթաղցի երեխաներին ստանալու կրթություն, որով կհպարտանան իրենց ծնողներն ու ուսուցիչները։ «Ես հուզված եմ, քանզի այսօր իմ որդու անունով դպրոց է անվանակոչվում։ Համոզված եմ, որ իմ Մերուժանի հիշատակը վառ պահելով՝ մենք միաժամանակ արժևորում ենք բոլոր այն տղաների սխրանքն ու թափած արյունը, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել հայրենիքի պաշտպանությանը»,- ասել է Ա Ստեփանյանը։

Բացման խոսքերին հաջորդած աշակերտական տոնական հանդես-միջոցառումից հետո ներկաները հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ շրջայց են կատարել դպրոցում, ծանոթացել դպրոցի զույգ հարկերում ստեղծված պայմաններին և հարմարություններին։ Հընթացս շրջայցի նախագահը հետաքրքրվել է, թե ինչ պակասություններ ունի դպրոցը, որ կարող է համալրվել կառավարության օգնությամբ։ Ոլորտի պատասխանատուները հավաստիացրել են, որ դպրոցական պարագաների և ենթակառուցվածքների համալրումը շարունակվում է անխափան կերպով։

Շրջայցից հետո հանրապետության նախագահի ղեկավարությամբ գումարվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ինչպես վարչակազմի պատասխանատուները, այնպես էլ տվյալ ենթաշրջանի համայնքների ղեկավարները։ Նախագահը ներկայացրել է, որ ներկայումս կառավարության քաղաքականության առաջնահերթությունը հանգում է բնակարանաշինության և ջրամատակարարման ապահովման ծրագրերին, ինչը, սակայն, չի նշանակում մյուս ծրագրերի անտեսում։ Բակո Սահակյանը կարևորել է խնդիրների շուրջ կոլեկտիվ քննարկումները, ինչպես նաև ողջունել է Քաշաթաղի ղեկավար Ստեփան Սարգսյանի այն մոտեցում-տեսլականը, որ Մոշաթաղը, որպես ենթակառուցվածքների առումով առավել զարգացած համայնք, կարող է առաջընթացի հենարան ծառայել ամբողջ ձորակի համար։ Ըստ այսմ, նախագահը վստահություն է հայտնել, որ գալու է ժամանակ, որ Մոշաթաղի նորաբաց դպրոցը չի բավարարելու համայնքի աշակերտության թվաքանակին և պահանջներին։

Թե՛ միջոցառման ընթացքում, թե՛ միջոցառման ավարտին նախագահ Բակո Սահակյանը և շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը զրուցել են ներկաների, համայնքի բնակիչների հետ, հետաքրքրվել վերջիններիս առօրյայով, ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմամբ, հիշատակի լուսանկարներ կատարել վերջիններիս հետ։