«Կապիկ»
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական «Գազետա դելո սպորտ» օրաթերթը ֆուտբոլի առաջնությունում վերջերս կայացած «Կալյարի» - «Յուվենթուս» խաղից կապակցությամբ գրել է, որ սարդինյան ակումբի երկրպագուներն ... «ապուշներ» են:
Բանն այն է, որ խաղի ժամանակ «Կալյարիի» երկրպագուներն անընդհատ վիրավորական բացականչություններ են արել «Յուվենթուսի» կիսապաշտպան Մոմո Սիսոկոյի հասցեին' նրան հիմնականում անվանելով կապիկ: Տեղի մարզադաշտի աշխատակիցները թեեւ բազմիցս զգուշացրել են ֆուտբոլասերներին, որ ռասիստական արտահայտություններն արգելվում են երկրի օրենքով, նրանք, միեւնույն է, շարունակել են վիրավորել սեւամորթ ֆուտբոլիստին:
«Գազետա դելո սպորտ» օրաթերթն այդ առիթով գրել է. «Աշխարհը մեծ գյուղ է, իսկ գյուղերում շատ ապուշներ կան»:
Ի դեպ, ռասիստական սկանդալ է արձանագրվել նաեւ Ուկրաինայի առաջնությունում: Անցած կիրակի տեղի ունեցած «Կարպատներ» - «Իլյիչեւեց» հանդիպման վերջում, երբ միմյանց հետ բախվել են դաշտի տերերի նիգերիացի ֆուտբոլիստ Սամսոն Գոդվինը եւ հյուրերի բելառուսցի խաղացող Պավել Կիրիլչիկը, մրցավարը երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացրել է «Կարպատների» ֆուտբոլիստին: Սակայն նա հանդերձարան գնալու փոխարեն հարձակվել է բելառուսցու վրա: Հետագայում նա իր արարքը բացատրել է այն բանով, որ «Իլյիչեւեցի» խաղացողն իրեն անվանել է ... կապիկ: