Բացել լրահոսը Փակել լրահոսը
15686498023847
A A
Պաշտոնական

Լիտվան աջակցում է Եվրամիության հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու Հայաստանի նպատակներին

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանին սեպտեմբերի 16-ին ընդունեց Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը Լիտվայի վարչապետին փոխանցեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքերը և բարեմաղթանքները։ Վարչապետ Սկվերնելիսը և նախարար Մնացականյանը դրական գնահատեցին Հայաստանի և Լիտվայի միջև հաստատված գործընկերային հարաբերությունների և տարբեր մակարդակներում երկխոսության բարձր մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ երկուստեք առկա է պատրաստակամություն՝ պահպանելու այդ դինամիկան և առավել խորացնելու համագործակցությունը: 

Նախարար Մնացականյանը նշեց, որ իր այցը Վիլնյուս լավ հնարավորություն է՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները և ուղենշելու հետագա քայլերը։ Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց էլեկտրոնային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման, վերոնշյալ ոլորտներում Հայաստանի և Լիտվայի փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնմանն ու իրականացմանը: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լիտվայի վարչապետին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը։ 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Լիտվայի վարչապետ Սաուլիս Սկվերնելիսը հանգամանալից մտքեր փոխանակեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ։ Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում Լիտվայի հաստատակամ աջակցության համար։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց 2019թ. Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխահային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքների վրա և հույս հայտնեց, որ լիտվական կառավարությունը և առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը:

 Տարածաշրջանային հարցերի համատեքստում երկուստեք ընդգծվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը։