Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԳոհՄամ
A A
Հասարակություն

Տնօրենի որևէ տեղակալի չենք ցանկացել նշանակել պաշտոնակատար․ նախարարի խորհրդական (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանն այսօր «Ա1+»-ին տված հարցազրույցում անդրադարձավ Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի նախկին տնօրեն, երաժիշտ, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Սամվել Երանյանի՝ սեպտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ կատարած հայտարարություններին։

Երանյանը հայտարարել էր, որ նախարարության կողմից միտում է տեսնում իր պաշտոնանկության հիմքում։

Խոսելով Երանյանի նկատմամբ կիրառված 2 նկատողությունների մասին՝ Մամիկոնյանը բացառեց դրանց կամայական լինելը։ «Ես անձնապես չեմ ճանաչում պարոն Երանյանին։ Ո՛չ ճանաչել եմ առաջին նկատողության ժամանակ, ո՛չ երկրորդ նկատողության, և ո՛չ էլ հիմա։ Եվ չեմ կարող նրա անձնական որակներին գնահատական տալ»,- ընդգծեց նա։

Մամիկոնյանի խոսքով՝ բոլոր իրավական հիմքերը եղել են Երանյանին նկատողություն անելու համար․ թե՛ տեսչական ստուգման արդյունքում, թե՛ նախարարության աուդիտի ստուգման արդյունքում գրանցվել են խախտումներ։

Անդրադառնալով, թե ինչու դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարներ չեն նշանակվել փոխտնօրեններից, Մամիկոնյանն ասաց, որ եթե նախարարությունը որոշում է պաշտոնակատար նշանակել, դա իր լիազորությունների շրջանակում է, և եթե որևէ մեկը կարծում է, որ խախտվել է օրինակելի կանոնադրությունը, կառավարության որոշումը՝ կարող է դիմել դատարան։ Խոսելով տնօրենի պաշտոնակատարին ներկայացնելու մասին՝ նախարարի խոհրդականը նշեց, որ կատարել է նախարարի հանձնարարականը։

 «Այո, ես ասել եմ, «քանի որ տնօրենը կատարել է այս խախտումները և մենք անվստահություն ունենք նաև տեղակալների նկատմամբ»։ Մենք չենք ցանկացել որևէ տեղակալի նշանակել պարտականությունները կատարող»,- ընդգծեց խորհրդականը։

Դիտարկմանը, թե Երանյանն ասել էր, պաշտոնակատարի նշանակման մասով Մամիկոնյանը վկայակոչել  է դպրոցի՝ կրթության տեսչական մարմնի կողմից օրենսդրությանը հակասող ճանաչված կանոնադրությունը, նա ասաց, որ քանի դեռ այն փոխված չէ, այն գործող է համարվում․ «2003 թվականին հաստատված կանոնադրության մեջ նշված է, որ լիազոր մարմինը տնօրենի թափուր պաշտոնի առաջանալու դեպքում նշանակում է այլ անձի։ Դա նշանակում է, որ լիազոր մարմինն ինքը պետք է որոշի՝ ում  նշանակել պաշտոնակատար»։ Խորհրդականը հերքեց պաշտոնակատարի նշանակման կանխորոշված լինելու հանգամանքը։

Երաժշտական հատուկ դպրոցի նոր պաշտոնակատար է նշանակվել  Աննա Գրիգորյանը, ով նախկինում եղել է թիվ 75 դպրոցի տնօրենը։ Վերջինիս մասով Երանյանն ասել էր, թե կառավարվում է «դրսից»։

Գրիգորյանի կապակցությամբ Գոհար Մամիկոնյանն ասաց, որ տեսնելով 75 դպրոցում նրա կատարած աշխատանքը՝ որոշում է կայացվել հենց նրան նշանակել երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատար։

Մանրամասները՝ տեսանյութում