Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երաժշտական դպրոցի նախկին ՀՅԴ-ական տնօրենն իր պաշտոնանկության հարցում միտում է տեսնում (տեսանյութ)

Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի նախկին տնօրեն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Սամվել Երանյանը ներկայացնում է զբաղեցրած պաշտոնից իր ազատման մանրամասները։ 

Երանյանն ասաց, որ 2018 թվականի դեկտեմբերին Կրթության պետական տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել, ինչ արդյունքում տեսչությունը ՀՀ օրենսդրությանը հակասող է ճանաչել դպրոցի 2003 թվականի կանոնադրությունը, ուսուցիչների մրցույթների անցկացման վերաբերյալ խախտումներ է հայտնաբերել։ Երանյանի խոսքով՝ բազմիցս բանավոր բարձրացրել է կանոնադրության հարցը, սակայն այն չի փոխվել։ 2019 թվականի հունվարին ՀՅԴ գործիչը ստացել է իր առաջին նկատողությունը։

Այնուհետև նա պատմեց, որ սուրճի սեղանի շուրջ խոսակցություններ են ունեցել, որից հետո «ինչ-որ մեկի ահազանգով» դպրոց են ժամանել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը, նույն խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը,Կրթության և գիտության նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը և Արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության ծառայությունից մի ներկայացուցիչ եկել են դպրոց։

«Ահազանգն էլ ինչ էր՝ որ ես դպրոցը կուսակցականացրել եմ (ասեմ, որ ես դաշնակցական եմ 1990 թվականից) և ուսուցչանոցում նոր «Հոկտեմբերի 27»-ի կոչ եմ արել»,- ընդգծեց նա։ 

Պաշտոնյաների ժամանումից հետո, ըստ ՀՅԴ գործչի, պարզաբանում է եղել ու հաստատվել է, որ թե՛ կուսակցականացման վերաբերյալ լուրն է սուտ եղել, և թե՛ կոչի։ Շարունակելով՝ Երանյանն ասաց, որ հունիսի 13-ին դպրոց է ժամանել աուդիտը և հունիսի 22-ին ավարտել աշխատանքները, կազմել արձանագրություն թերությունների, և իր կողմից դրանք ընդունելու և վերացնելու մասին։ 

ՀՅԴ գործչի փոխանցմամբ՝ օգոստոսի 23-ով թվագրված, բայց դպրոց օգոստոսի 26-ին ուղարկված ծանուցագրով ստացել է խիստ նկատողություն, իսկ օգոստոսի 27-ին դադարեցվել են իր լիազորությունները։ Ֆորմալ առումով, իր պաշտոնանկությունը, Երանյանը ճիշտ է համարում, սակայն դրանից հետո, ըստ նրա, սկսվում է կառավարության որոշման խախտումը։ 

«Կառավարության կողմից պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության 69-րդ կետի համաձայն` տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում, տնօրենի պաշտոնակատար նշանակվում է, ըստ լիազորության, տնօրենի տեղակալներից որևէ մեկը, անհնարինության դեպքում՝ այլ անձ»,- ընդգծեց նա։

Վերջինս հավելեց, որ  երաժշտական դպրոցի չորս փոխտնօրեններից ոչ ոք չի նշանակվել։ Երանյանի համար անհասկանալի է, թե ինչու է ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը տնօրենի պաշտոնակատար ներկայացնում։

«Չգիտես ինչի՞, ի՞նչ լիազորությամբ է այս գործընթացը, կարծես թե կազմակերպում է իր կողմից, հանձնարարված է իրեն, կամ իր անձնական շահախնդրությունը կա այդտեղ»,- շարունակեց նա։

Հավելեց, որ երբ ուսուցիչները հարցրել են նախարարի խորհրդականին, թե ինչու տնօրենի 4 չորս տեղակալներից մեկը չի նշանակվել պաշտոնակատար, պատասխանել է, որ տեղեկալները նույնպես մասնակից են եղել տնօրենի թույլ տված խախտումներին։ 

Սակայն փոխտնօրենները բացատրություն են պահանջել,  որից հետո Մամիկոնյանը աուդիտի անցկացրած երկուսի հետ եկել է, և վերջիններս ասել են, որ ուղղակի լեզվի սայթաքում է եղել խորհրդականի կողմից։

 «Վերջը օգոստոսի 30-ին Վաղարշակ Պեպանյանին նշանակում են պաշտոնակատար, սեպտեմբերի 30-ին նոր պաշտոնակատար են նշանակում։ Պեպանյանն, ի պատիվ իրեն, հասկանում է, որ դա իր տեղը չէ»։

Պաշոնակատարների նշանակման այս շարքից ու ժամանակագրությունից ելնելով՝ ՀՅԴ գործիչը եկել է այն եզրահանգման, որ իր նկատմամբ կատարվածը «պարզապես ստուգում ու խախտում հայտնաբերելը չի եղել»։ Նախկին փոխտնօրենը պատրաստվում է դատարան դիմել։     

Երանյանն ավելացրեց, որ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը պաշտոնակատար նշանակելիս վկայակոչել  է նախարարության 2003 թվականի կանոնանդրության 43-րդ կետը, (այն կանոնադրությունը, որը տեսչական մարմնի կողմից ճանաչվել էր ՀՀ օրենսդրությանը հակասող)։ Երանյանը նշում է նաև, որ դպրոցի բողոքողները դեռևս մայիս ամսից սկսած հետքրքրվել են, թե ով է լինելու պաշտոնակատար, ինչպես նաև, որ իր նկատմամբ՝ խիստ նկատողության երկու հրաման է շրջանառվել՝  թե՛ ԿԳ նախարարի, թե՛ փոխնախարարի կողմից, իսկ հետո նախարարի նկատողությունը հանվել է։ Այս ամենից ելնելով՝ տեղի ունեցածը նախկին տնօրենը նպատակադրված է համարում։ 

Այսօր արդեն, նրա խոսքով, նոր պաշտոնակատար (Աննա Գրիգորյան) է նշանակվել, ով նախկինում եղել է 75 դպրոցի տնօրենը, նրա խոսքով՝ կառավարվում է դրսից․

«Դպրոցի նախկին աշխատակիցներից մեկի կողմից է կառավարվում»,- շեշտեց նա՝ հրաժարվելով անունը տալ։

Եթե նայում ենք վերը նշված՝ ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության 69-րդ կետը, ապա գրված է՝ Տնօրենի բացակայության, ինչպես նաև տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում լիազորված մարմինը՝ ըստ ենթակայության, հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տնօրենի տեղակալներից մեկին, իսկ անհնարինության դեպքում՝ այլ անձի, ով դպրոցի խորհրդի անդամ չէ: