Հայաստանում կգործի սառնարանային նոր պահեստ՝ օզոնաանվտանգ տեխնոլոգիաներով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր նշվում է Օզոնային շերտի պահպանության օրը։ 20 տարի առաջ Հայաստանը վավերացրել է միջազգային 2 պայմանագիր՝ օզոնային շերտը քայքայելու մասին Մոնրեալի արձանագրությունը և օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան՝ այդպիսով ստանձնելով օզոնային շերտի պաշտպանության նկատմամբ պարտավորություններ։
Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանի խոսքով՝ 20 տարվա ընթացքում այս ուղղությամբ արդեն մեծ աշխատանք է տարվել։
«Առաջին 6 տարին պահանջվեց՝ ծրագիր մշակելու համար, թե ինչպես պետք է մենք մեր երկրում փոխարինենք օզոնային շերտը քայքայող նյութերը։ Բուն գործողությունները մեկնարկեցին 2005 թվականից, երբ այն ժամանակ Բնապահպանության նախարարությունում մեկնարկեց օզոնի ծրագիրը»,- նշում է Լիանա Ղահրամանյանը։
Մասնագետը միաժամանակ նշում է կարևոր ձեռքբերումները։ Դրանցից է լիցենզավորման էլեկտրոնային համակարգի մշակումը։
«Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը երկիր սահմանափակ քանակությամբ է՝ քվոտավորված և յուրաքանչյուր քվոտայի շրջանակում յուրաքանչյուր ներկրման համար անհրաժեշտ է ներկրման լիցենզիա։ Մինչ օրս մենք չունենք լիցենզավորման էլեկտրոնային համակարգ։ Համակարգը մշակված է, հաջորդ շաբաթ նախատեսվում է դրա պիլոտային փորձարկումը։ Արդեն հաջորդ տարվա սկզբից ներկրողները կկարողանան ներկրման լիցենզիա ստանալու համար դիմել էլեկտրոնային հարթակի միջոցով»,-ասում է ազգային համակարգողը։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում Կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների ցանկում ավելացել է Սառնարանային տնտեսություն մասնագիտությունը՝ որպես միջին մասնագիտական կրթություն։
«Երեկ Հայաստանի երեք քոլեջները՝ Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջը և Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջները հագեցրել ենք համապատասխան սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են տվյալ ուսուցումն իրականացնելու համար, և այս տարի ունենք արդեն ուսանողներ»,- ասում է Լիանա Ղահրամանյանը։
Վերջինիս խոսքով՝ աշխատաշուկայում առկա է այս մասնագիտության նկատմամբ մեծ պահանջարկ։
Բացի այդ Հայաստանում սեպտեմբերի 18-ին բացվելու է տարածաշրջանային ուսումնական կենտրոն՝ Շիրակացու ճեմարանի հենքի վրա։ Կենտրոնը նախատեսված է ոլորտում գործող մասնագետների վերապատարաստման և արտոնագրման համար։ Այս պահին կենտրոնն ինքն է անցնում արտոնագրող մարմին դառնալու ընթացակարգը։
«Կենտրոնին կից գործելու է նաև փորձնական ձեռնարկություն, որտեղ ներդրվեց նոր տեխնոլոգիա՝ սառնարանային պահեստ, որտեղ մրգերն ու բանջարեղենը կպահվեն օզոնաանվտանգ տեխնոլոգիայով, որը նաև չի վնասում կլիմային»,-նշում է Ղահրամանյանը։