Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բերքի տոն՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներն ու  ֆերմերները վեցերորդ տարին է՝ հնարավորություն ունեն իրենց արտադրանքը ներկայացնել «Բերքի տոն» գյուղական կյանքին և ավանդույթներին նվիրված փառատոնին։

Փառատոնի կազմակերպիչը «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունն է։

Փառատոնը կընթանա երկու օր, այցելուները կարող են ծանոթանալ տեղի արտադրողների արտադրանքին, համտեսել,  գնել գինի, չրեր, պահածոներ, քաղցրավենիք, համեմունքներ, պանիր, մսամթերք և այլն։

«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանը նկատում է, որ տարեցտարի այցելուների թիվն ավելանում է։

Այս տարի փառատոնին մասնակցելու համար Վրաստանից Հայաստան են ժամանել 14 ֆերմերային խմբեր ու ձեռներեցներ։

«Այս տարվա նորություններից մեկն այն է, որ փառատոնին մասնակցում են ազգային փոքրամասնությունները՝ եզդիներ, քրդեր, ասորիներ, որոնք ոչ միայն վաճառում են իրենց արտադրանքը, այլև երգի և պարի միջոցով ներկայացնում են իրենց մշակութը», ասաց նա։

Փառատոնն սկսվել է այսօր, կշարունակվի նաեւ վաղը։ Այն անց է կացվում Երեւանի Անգլիական այգում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։