Բացել լրահոսը Փակել լրահոսը
HYD
A A
Պաշտոնական

Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր. ՀՅԴ

Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր. ՀՅԴ շրջակա միջավայրի մասնագիտական ոլորտային հանձնախմբի տեսակետը:

Թեև «Լիդիան»-ը պարտավորվել է կառուցել և շահագործել Ամուլսարի հանքը՝ հանքարդյունաբերության լավագույն փորձին համապատասխան, որի ներքո նախագծել և ձևավորել է Հայաստանում նախադեպը չունեցող մետաղական հանքարդյունահաման ծրագիր, այնուամենայնիվ, մասնագիտական և հանրային (այդ թվում՝ բնապահպանական) շրջանակներում բացակայում է միակարծությունը հանքի շահագործման թույլատրելիության վերաբերյալ:

Մտահոգությունների հիմքում ընկած է հանքավայրի շահագործման արդյունքում առաջանալիք ռիսկերի անկառավարելիությունը: Խնդիրն առավել է բարդանում՝ պայմանավորված Ամուլսարի աշխարհագրական դիրքով և կենսական նշանակություն ունեցող ջրային պաշարների ձևավորման առումով: Այն պահանջում է գիտականորեն գերճշգրիտ հիմնավորում և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված անկախ և օբյեկտիվ փորձաքննություն:

 Չնայած այն հանգամանքին, որ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բազմամետաղ հանքավայրի շահագործման թույլտվությունը երկարատև և բազմամակարդակ գործընթաց է, այնուամենայնիվ, ներկա պայմաններում սուր հարցադրումները վերաբերում են ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցությանը:

 Թեև, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորություն չունենալու պայմաններում, «Լիդիան»-ը նախաձեռնել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ, սակայն դա ևս հանքավայրի անվտանգ շահագործման նպատակահարմարության հարցում բավարար համոզվածություն չի ձևավորել: Դա պայմանավորված է մի կողմից այն հանգամանքով, որ ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հետազոտությունների, ուսումնասիրման ու գնահատման համար միջազգային փորձագետները ընտրվել և վճարվել են «Լիդիան»-ի կողմից: Մյուս կողմից՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս բնապահպանության նախարարության, չի ունեցել (և չունի) օրենսդրական պարտավորություն և ֆինանսական հնարավորություն՝ ներկայացված ՇՄԱԳ-ի անկախ միջազգային փորձաքննություն իրականացնելու համար: Որպես հետևանք՝ տեղական և միջազգային փորձագիտական որոշ շրջանակներ առարկում են անվտանգ շահագործման վերաբերյալ «Լիդիան»-ի հավաստիացումներին:

Բնապահպանական միավորումները, ներգրավելով հասարակության առավել լայն շրջանակների, կազմակերպեցին Ամուլսարի ճանապարհների շրջափակումը, որի արդյունքում խնդրի բնապահպանական ու տնտեսական բաղադրիչներին ավելացավ նաև քաղաքականը:

Մանրամասները՝ այստեղ