Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Նրա կատարումն այնքան վիրտուոզ է, որ մնացածներին միայն մնում է նախանձել»․ «Թայմս» (տեսանյութ)

Վաղը կմեկնարկի Երևանյան 13-րդ միջազգային փառատոնը, որով էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը կբացի իր 94-րդ համերգաշրջանը։

Բացման համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Պիեր Կարլո Օրիցիոն։ Ծրագրում կհնչեն Շումանի «Գենովևա» օպերայի նախերգանքը և Բրամսի չորրորդ սիմֆոնիան, իսկ մակեդոնացի վիրտուոզ դաշնակահար Սիմոն Տրպչեսկին, ով արդեն չորրոդ անգամ է հանդես գալիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ կկատարի Բեթհովենի Դաշնամուրի հինգերորդ «Կայսերական» կոնցերտը։

«Թայմս» պարբերականը գրել է Սիմոն Տրպչեսկու մասին․ «Նրա կատարումն այնքան վիրտուոզ է, որ մնացած դաշնակահարներին միայն մնում է նախանձել»։

«Երկու օր առաջ Պրահայի ազգային ֆիլհարմոնիկի բացմանը «Կայսերականը» կատարեցի և ահա ձեր ջերմ Հայաստանում եմ և նվագելու եմ ձեր հրաշալի նվագախմբի հետ »,- համերգից առաջ «Ա1+»-ին տրված հարցազրույցում ասաց դաշնակահարը։

Նրա բնորոշմամբ, նվագախմբի երաժիշտները բնությունից օժտված են երաժշտականությամբ և մարդկային բարձր արժանիքներով, և նրանց հետ ելույթ ունենալը առանձնակի հաճույք է։

Տրպչեսկին ուրախ է, որ այս անգամ ավելի երկար կմնա Հայաստանում, քանի որ ևս մեկ համերգով հանդես է գալու, այս անգամ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ, կամերային ծրագրով։