Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-լիտվական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: «Հայաստանն ու Լիտվան եվրոպական նույն տարածքում են և նույն արժեքներն են կրում: Վստահ եմ, որ հարաբերությունների հետագա խորացման համար մենք մեծ ներուժ ունենք»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտները:

Դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն վստահեցրել է, որ անելու է հնարավորը՝ նպաստելու ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ Եվրամիության շրջանակում համագործակցության զարգացմանը: