Հայաստանում կզարգացվի արևելյան նոր մարտարվեստ՝ Պինչակ սիլակ
Աջակցիր «Ա1+»-ինՊինչակ սիլակ։ Այդպես է կոչվում արևելյան մարտարվեստի նոր ճյուղը, որը կզարգացվի նաև Հայաստանում։
Հայաստանի պինչակ սիլակ ֆեդերացիայի նախագահ Արթուր Սեդրակյանի հրավերով օրերս Հայաստան էին ժամանել միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Շեյխ Ալաուդին Յակուբ Մարիկանը և երկու հրահանգիչ մարզիչներ։
Նրանք հանդիպումներ են ունեցել ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչների, սպորտի պատասխանատուների և ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարության հետ։ Պատվավոր հյուրերի նպատակն է ակտիվացնել կապերը մեր ֆեդերացիայի հետ և ավելի մասսայական դարձնել սպորտաձևը մեր հանրապետությունում։
Հրահանգիչ մարզիչները սեմինար պարապմունքներ են անցկացրել Հայաստանում պինչակ սիլակով զբաղվող մասնագետների եւ մարզիկների հետ։
Ինչպես «Ա1+»-ի թղթակցին հայտնեց Արթուր Սեդրակյանը, պինչակ սիլակի ազգային ֆեդերացիան ստեղծվել է 2018 թվականին։ Ինչպես հայտնեց նախկին թաեկվոնդոյիստը, այս մարտարվեստն ավելի անվտանգ է, քանի որ չի թույլատրվում հարված հասցնել մրցակցի գլխին և դեմքին։
Միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Շեյխ Ալաուդին Յակուբ Մարիկանը նշեց, որ մարզաձևը հիմնականում զարգացած է Ասիայի երկրներում, հատկապես Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թայլլանդում և Սինգապուրում, սակայն այժմ աշխարհի 80 երկրներում գործում են ազգային ֆեդերացիաներ։
«Միջազգային ֆեդերացիայի նպատակն է աշխարհով մեկ զարգացնել պիչակ սիլակը, որպեսզի 2032թ այն նույնպես ընդգրկվի օլիմպիական խաղերի ծրագրում», - «Ա1+»-ին հայտնեց գլխավոր քարտուղարը։