Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Լուսանկարչությունը սելֆի չէ՝ արվեստ է, նայած ով է սեղմում կոճակը

«Լուսանկարչությունը՝ սելֆի չէ, լուսանկարչությունը՝ արվեստ է: Նույն ապարատով կարելի է և ուղղակի լուսանկարվել և արվեստի գործ ստեղծել, նայած ով է սեղմում կոճակը: Եթե դաշնամուր ունես, կամ «Էլիզեն» կարողանում ես երկու ձեռքով նվագել, չի նշանակում, որ երաժիշտ ես, կամ կոմպոզիտոր: Եթե լսում ես, չի նշանակում, որ ստեղծագործելու շնորք ունես, իսկ եթե գույներ ես տեսնում՝ կարող ես Լեոնարդոյի, Միքելանջելոյի նման արվեստի գործեր ստեղծել:

Նույնպես չի նշանակում, որ եթե ինչ որ գործիքի կոճակ ունես, որը կարող ես սեղմել, լուսանկար կարող ես ստեղծել»,- Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման իր խոսքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշեց, որ լուսանկարը նաև պատմություն է, տեղեկատվություն և փաստագրություն, ինչպես նաեւ խորը հոգեբանական արվեստ, որովհետև շատ հաճախ, մենք պատկերի մեջ տեսնում ենք մարդու հոգեբանական վերլուծությունը:

«Մենք շատ բաներ կարող ենք թաքցնել, սակայն դժվար է այն թաքցնել կյանքի ընկերոջից ու նաև հանճարեղ լուսանկարչից, որից չես կարող թաքցնել քո իրական էությունը»:

Նախագահ Սարգսյանը բարձրաստիճան հյուրերին և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին անթաքույց հպարտությամբ և մանրամասնորեն ներկայացրեց պատմական այն փաստը, որ հայերը ունեցել են լուսանկարչության հարուստ պատմություն և աշխարհի տարբեր երկրներում ապրող հայտնի լուսանկարիչներ:

«Մենք կարող ենք հպարտ լինել, որովհետև հայ լուսանկարչությունը հսկայական ավանդույթներ է ունեցել և ունի, ու սա իրոք այն դեպքն է, որ պետք է չամաչել և ասել, որ հայերը մեծ ներդրում են ունեցել համաշխարհային լուսանկարչության ոլորտում»:

Լուսանկարչության գյուտից 19 տարի անց հայերն արդեն իրենց անունն ունեին լուսանկարչության պատմության մեջ: Պոլսում՝ Աբդուլլահ եղբայրները: Երուսաղեմի Հայոց պատրիարք Եսայի արք. Կարապետյանը, ով լուսանկարչության առաջին դասերն առել է իր մտերիմ Աբդուլլահներից 1865 -ին բացեց լուսանկարչության առաջին դպրոցը: 

19-րդ դարի 30-ականներին Փարիզում կար 3500 լուսանկարիչ, բայց հայազգի լուսանկարիչ Հակոբ Սեմերջյանին էր վիճակված լուսանկարել Ֆրանսիայի նախագահներ Պոլ Դումերի եւ Ալբեր Լեբրենի պաշտոնական դիմանկարները:  Յուսուֆ Քարշը, ով լուսանկարել է իր ժամանակի ամենահայտնի անձանց, ԱՄՆ տասներկու նախագահների, ինչպես նաեւ պետությունների ղեկավարների, հռչակավոր դերասանների, գիտնականների, հասարակական գործիչների:

Վլադիմիր Մուսայելյանը 28 տարեկանում խորհրդային երկրի ղեկավար Լեոնիդ Իլիչ Բրեժնեվի անձնական լուսանկարիչն էր, իսկ լոնդոնաբնակ մեր հայրենակցուհի Իդա Կարը՝ Իդա Քարամյանը, համարվել է իր ժամանակի լավագույն ֆոտոդիմանկարիչներից մեկը, ով նաև Չե Գեւարայի և Ֆիդել Կաստրոյի հայտնի դիմանկարների հեղինակն է և ում, ի դեպ, անձամբ հանդիպել է նախագահ Սարգսյանը, երբ վերջինս եկել էր Երևան, որտեղ ապրում էին նրա ծնողները՝ Մելքոն և Անահիտ Քարամյանները:

«Փոքր երեխա էի և հայրիկիս հետ հյուր գնացինք նրանց տուն»,-հիշեց նա:

Երիտասարդ լուսանկարիչներին Արմեն Սարգսյանը մաղթեց, որ արժանի լինեն վարպետներին ու արժանի հետնորդներ դառնան և հույս հայտնեց, որ հաջորդիվ կլինի նաև երիտասարդ լուսանկարիչների ֆոտոփառատոնը:

ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանին և լուսանկարիչ Վահան Քոչարին, ով տրամադրել էր հայտնի հայ լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սևրուգինի, Յուսուֆ Քարշի, Իդա Կարի, Արա Գյուլերի, Վլադիմիր Մուսայելյանի, Նեմրութ Բաղդասարյանի, Հարրի Կունդաքչյանի լուսանկարները՝ Անդրանիկ Քոչարի լուսանկարչական թանգարանի հավաքածուից:

ՀՀ նախագահի նստավայրի այգում այսօր բացված  բացօթյա ցուցադրությանը կգործի մինչև սեպտեմբերի 22-ը: