Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» չի վստահում տեղի մասնագետներին

Սպորտ

Երեւանի «Բանանց» ակումբի ղեկավարությունը, ամփոփելով 2009թ. առաջնության արդյունքները, որոշեց հրաժարվել թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ծառայություններից:

Ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանն այդ կապակցությամբ «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ նման որոշում կայացնելու միակ պատճառը թիմի անբավարար արդյունքներն են: «Հաշվի առնելով ակումբի ենթակառուցվածքը եւ եղած պայմանները, «Բանանցը» պարզապես իրավունք չուներ զբաղեցնելու ոչ մրցանակային տեղ: Մենք միշտ էլ բարձր խնդիրներ ենք հետապնդում Հայաստանի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում, ուստի մեր համար անընդունելի էր 4-րդ տեղը»:

Սակայն Սարգիս Իսրայելյանը միաժամանակ նշեց, որ Արմեն Գյուլբուդաղյանցը շարունակելու է աշխատել ակումբում, բայց մեկ այլ պաշտոնում: «Առայժմ որոշված չէ, թե նա ինչ աշխատանք կկատարի ակումբում: Արմեն Գյուլբուդաղյանցն մեր այն մասնագետներից է, ում հետ մենք պատրաստ ենք կնքել անսահմանափակ պայմանագիր եւ աշխատանք առաջարկել»:

Ըստ Սարգիս Իսրայելյանի, նոր մրցաշրջանից «Բանանցը» միանշանակ կգլխավորի արտասահմանցի մարզիչ: «Մենք այժմ բանակցություններ ենք վարում 4 թեկնածուների հետ: Ցանկանում ենք, որ մինչեւ գալիք տարվա հունվարի 6-ը լուծենք այդ հարցը, որպեսզի թիմը նոր մրցաշրջանին սկսի պատրաստվել նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ ու կազմած ծրագրով»:

Իսկ ինչպիսի՞ն է պատկերացնում «Բանանցի» նոր գլխավոր մարզչին ակումբի նախագահը: «Իմ պահանջները գլխավոր մարզչից հետեւյալն է. որպեսզի նա ստեղծի մարտունակ թիմ, լավ կադրեր պատրաստի մեր տարբեր տարիքային հավաքականների համար, մասնակցի երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման աշխատանքներին, մշտապես ցույց տա բարձր արդյունքներ», - եզրակացրեց Սարգիս Իսրայելյանը:

Վերջում նշենք, որ «Բանանցը» դարձավ երկրորդ ակումբը, որը մրցաշրջանի ավարտից հետո հրաժարվեց գլխավորի ծառայություններից: Մինչ այդ մարզչական փոփոխություն էր կատարել այս տարվա փոխչեմպիոն Աշտարակի «Միկան», որը նոր գլխավոր մարզիչ է նշանակել Արմեն Ադամյանին, ով այդ պաշտոնում փոխարինել է փորձառու Սամվել Դարբինյանին: