Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը հենց սկզբից ապօրինի է․ փաստաբան

Վաղը Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի կունենա 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու (Քրեական օրենսգրքի 300․1 հոդված)  մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Անկախ նշանակված նիստից, Քոչարյանի փաստաբանական խումբը միջնորդություններ էր ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ անհապաղ նիստ գումարելու, իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։

«Ա1+»-ը Քոչարյանի գործի հնարավոր զարգացումների կապակցությամբ զրուցեց 2008 թվականի դրությամբ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, նույնպես ահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի հետ։

Հարցին, եթե Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, ի՞նչ ազդեցություն այն կունենա իր պաշտպանյալի գործի վրա, նա դժվարացավ ասել։ «Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը հենց սկզբից ապօրինի է»,- եզրափակեց Մեժլումյանը։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել (մեր զանգերը մնացին անպատասխան) 2008 թ․ դրությամբ Պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի հետ։

Իսկ 2008 թվականի դրությամբ նախագահի աշխատակազմի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու (ՔՕ 38-300.1 հոդվածի) մեջ մեղադրվող, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հեռախոսահամարն անհասանելի էր։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Սահմանադրական դատարանը, Հրայր Թովմասյանի նախագահությամբ,  քննել էր Ռոբերտ Քոչարյանի՝ Քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ) և 135-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը 2․ Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ ․․․)՝ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ դիմումը։

Սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն հրապարակել էր  դիմումի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, իսկ սեպտեմբերի 6-ին՝ ամբողջական որոշումը։ Որոշմամբ հակասահամանդրական էր ճանաչվել 35-րդ հոդվածը՝ անձեռնխելիություն ունեցող պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետպնդում իրականացնելու ընթացակարգի բացակայության հիմքով, իսկ 135-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել էր Սահմանադրությանը համապատասխանող։

ՍԴ որոշումից ելնելով՝ Քոչարյանի փաստաբանական խումբը նրան կալանքից ազատ արձակման և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան։