Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 11-ը սեպտեմբերի. Սպանվեց կառավարության վերահսկողության ծառայության պետը (տեսանյութ)

1997-ի սեպտեմբերի 11-ին Լորիս Ճգնավորյանը հեռանում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնից։ Ֆիլհարմոնիկի աշխատակիցները ծանր են տանում Լորիս Ճգնավորյանի հեռացումը՝ նա փող էր գտնում հանձին Լուիզ Սիմոն Մանուկյանի ։ Երաժիշտները վախենում են, որ իրենք այլեւս Մանուկյանի փողերը չեն տեսնի։ Ի վերջո նախարար Արմեն Սմբատյանն անձամբ գնում է Հայֆիլհարմոնիկ, իր բառերով, վալիդոլ դառնալու։ Նախարարն ասում է՝ Լորիս Ճգնավորյանից ընդամենը վերցվել է դահլիճից օգտվելու մենաշնորհը։

1998-ի այս օրը մեկ տարեկան է դառնում Հայաստանի առաջին մասնավոր ռադիոընկերությունը՝ «Ռադիոբուրգը» ։ Այն եթերում է 24 ժամ անընդմեջ։ Հեռարձակում է միայն երաժշտություն։ Քաղաքապետարանը ռադիոկայանին թույլատրում է իր տոնը նշել Ազատության հրապարակում։

Առողջապահության նախարարությունը 1998-ի սեպտեմբերի 11-ին վերջապես որոշում է անձամբ խոսել 11 օր առաջ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում բռնկված խոլերայի մասին։ Հիվանդության պատճառը կոյուղու ջրերի խառնվելն է խմելու ջրին։ Նախարարությունը սպասում էր այսպիսի համաճարակի, խմելու ջրի քայքայված խողովակները տալիս են նման առիթ։ Զարթոնքում դեռ կարանտին է։

Դավիթ Հարությունյանը 1999-ի սեպտեմբերի 11-ին դժգոհում է իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի մի հրապարակումից «Ինչու՞ փակուղում հայտնվեցին դատաիրավական բարեփոխումները» վերնագրով։ Նազարյանը գրել էր, որ ստուգումների մասին նախարարի հրամանը հակասահմանադրական է։ Ըստ այդ հրամանի, այսուհետեւ արդարադատության համակարգում ստուգումները կարող են իրականացվել միայն նախարարի կամ նրա տեղակալի գրավոր հրահանգով։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը 1999-ի սեպտեմբերի 11-ին մեկնարկած Ազգային Ժողովի նստաշրջանի առաջին ելույթ ունեցողն է։ Եկել է ասելու, որ Եվրախորհրդի անդամ դառնալու համար Հայաստանը պետք է անխախտ հետեւի ժողովրդավարությանը եւ պաշտպանի մարդու իրավունքները, լուծի հարեւանների հետ խնդիրները։ Լորդը խոսեց նաեւ 1915 թվականի ցեղասպանությունից եւ այն անվանեց ոճիր։

2000-ի սեպտեմբերի 11-ին Ազգային Ժողովի 4-րդ նստաշրջանը բացվում է լուրջ վիճաբանությամբ։ Պատճառը հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման կարգն էր՝ «Միասնություն» դաշինքն ուզում է երեք տեղ, մյուսներին՝ մեկական։ Ընդդիմությունն ասում է՝ Միասնությունից պատգամավորներ են դուրս եկել, ձեզ երկու տեղն էլ է հերիք։ Չհամոզելով ընդդիմությունն անցնում է վիրավորանքներին։

2001-ի այս օրը Նյու-Յորքի առեւտրի համաշխարհային կենտրոնի երկու շենքերը խոցվում են ահաբեկիչների գրաված ինքնաթիռներով։ Հայաստանում գործող ամերիկյան կազմակերպություններում հայտարարված է սուգ ավելի քան 3 հազար զոհերի հիշատակին։ Ծաղիկներ են դրվում դեսպանատան շենքի առջեւ։

Նույն օրն առավոտյան իր տան նախաշեմին դրված նռնակի պայթյունից սպանվում է կառավարության վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանը։ Դուռը բացելու պահին տեղի է ունեցել պայթյունը։ Պողոսյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Պայթյունից տուժել է նաեւ Պողոսյանի 20-ամյա որդին, որի վիճակը վիրահատությունից հետո բժիշկները գնահատում են կայուն։

Գագիկ Պողոսյանի սպանությունը թեմա է նաեւ Ազգային Ժողովում։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գիտի, որ Պողոսյանը բազմաթիվ լուրջ ստուգումներ էր սկսել բազմաթիվ ոլորտներում։ Առեւտրի համաշխարհային կազմակերպության շենքերի հետ տեղի ունեցածից արտգործնախարար Վարդան Օսկանյանն ահաբեկված չէ ։Հայաստանին ահաբեկչական գրոհներ չեն սպառնում։ Նույնիսկ անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու կարիք չկա։

2001-ի նույն օրը դադարում է աշխատել Աշտարակի կաբելային հեռուստաստուդիան։ Նախորդ օրը ստուդիա են այցելել հարկային տեսչության եւ ոստիկանության աշխատակիցները, ստուգել փաստաթղթերը եւ պարզել, որ մարտ ամսից նրանց հեռարձակման լիցենզիան ավարտվել է։ Անմիջապես հոսանքազրկել են հեռուստաստուդիան։ Այդ այցի ժամանակ ստուդիայի ուղիղ եթերի հյուրն էր «Ազգային Համաձայնության Ճակատի» անդամ Աշոտ Մանուչարյանը, որն արտառոց բաներ չէր ասում եթերից։

2009-ի սեպտեմբերի 11-ին պետավտոտեսչությունը հայտարարում է ոչ միայն վարորդներին, այլեւ՝ հետիոտներին տուգանելու կարգի մասին։ Նրանք պետք է սովորեն փողոցն անցնելու կարգը։ Հետիոտները տեղյակ էլ չեն, որ կարող են տուգանվել։ Նույն օրն այս փոքրիկը վայր է ընկնում շենքի 4 մետր բարձրության վրա գտնվող երկրորդ հարկի պատշգամբից։ Մեկ տարեկան երեխայի մարմնի որեւէ մասը չի էլ քերծվում։