Ոչ ֆուտբոլային կրքեր Սանկտ-Պետերբուրգում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Ռուսաստանի առաջնության վերջին տուրի «Զենիթ» - «Սպարտակ» Մոսկվա խաղից առաջ Սանկտ-Պետերբուրգի հատուկջոկատայինները միանգամից ձերբակալել են մայրաքաղաքից ժամանած 400 երկրպագուների: Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, հատուկ ջոկատայիններն առանց որեւէ նախազգուշացման, հարձակվել են ֆուտբոլասերների վրա, սկսել նրանց ձեռքից խլել թմբուկները, դրոշները, պաստառները, ապա հատուկ մեքենաներով տարել մոտակա բաժանմունքները: Իսկ ահա անհնազանդներին ծեծի են ենթարկել:
Այս միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Ռուսաստանում, քանի որ ձերբակալվածների մեծ մասն անչափահասներ են եղել, իսկ ՌԴ օրենսգրքով, ոստիկանությունն իրավունք չունի ձերբակալելու անչափահասներին' առանց նրանց ծնողների ներկայության: Ի դեպ, մի քանի օր առաջ ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը դպրոցականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ եթե ոստիկանը հարվածում է անչափահասին, ապա վերջինս իրավունք ունի նույն կերպ պատասխան տալ: Սակայն հարց է ծագում. Արդյո՞ք իրատեսական է, որ անչափահասն հատուկ պատրաստված իրավապահի հուժկու հարվածներից հետո ի վիճակի լինի պատասխան հարված հասցնելու:
Այս միջադեպը պատրաստվում է հետաքննել Ռուսաստանի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեն, սակայն ֆուտբոլասերները Նուրգալիեւից պահանջել են պատժել ձերբակալումներին մասնակցած բոլոր հատուկ ջոկատայիններին ու նրանց ղեկավարներին: