Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport miki
A A
Սպորտ

Անգլիան իմ համար արդեն անցյալում է․ Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյան այսօր իր առաջին մամուլի ասուլիսն է տալիս որպես Հռոմի «Ռոմայի» ֆուտբոլիստ: Մեր ֆուտբոլիստը պատասխանել է իտալացի լրագրողների բազմաբնույթ հարցերին:

«Ես ուրախ եմ, որ այստեղ եմ: Մինչ այստեղ գալը ծանր ժամանակներ ունեցա, հիմա նոր շրջան է սկսվում: Ես հիանալի գիտեմ ակումբի նպատակները: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի թիմին օգնեմ հասնել նպատակներին: Ես հանդիպեցի խաղընկերներիս և մարզչի հետ, միջավայրը շատ ջերմ է:

Ես կարող եմ խաղալ հարձակման բոլոր դիրքերում, սակայն նախընտրում եմ խաղալ ենթահարձակվողի դիրքում: Ես լիովին գտնվում են մարզչի տրամադրության տակ:

Այսօր մարզման առաջին օրն էր: Մինչ այդ խոսել էի Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆլորենցիի եւ Բոսնիայի հավաքականի ավագ Ջեկոյի հետ, որոնց հանդիպել էի հավաքականի խաղերի ժամանակ:

Ազգային թիմի խաղերին ավելի շատ ազատություն եմ ստանում և գործում եմ մեծ տարածության վրա։ Պրեմիեր լիգայում ավելի խորքից էի խաղում, դրա համար էլ քիչ էի գոլ խփում։

Չեմպիոնների լիգայում և Ուկրաինայի առաջնությունում հետևել եմ Ֆոնսեկայի գլխավորած «Շախտյոր»-ի խաղին։ Հիանալի թիմ էր, հատկապես ուժեղ էր հարձակման գծում: Հուսով եմ, որ նա նույնը կանի նաև Հռոմում:

«Ռոման» նոր փորձություն է իմ համար։ Ես երբեք չեմ հրաժարվում պայքարից։ Ճնշումն ինձ չի վախեցնում։ Մեծ թիմերում այդպես է, քանի որ մշտապես գտնվում ես ուշադրության կենտրոնում: Ես 30 տարեկան եմ և գիտեմ, թե ինչպես պետք է հաղթահարել նման ճնշումները: Ես ընտրեցի Ա Սերիան, քանի որ դա հիանալի հնարավորություն է դիտարժան ֆուտբոլ խաղալու և այն վայելելու համար:

Անգլիան իմ համար արդեն անցյալում է։ «Ռոմա» տեղափոխվելը հետ քայլ չէ: Իտալիայում նույնպես մեծ ֆուտբոլ են խաղում: Խաղացողի համար կարևորն այն է, որ իրեն լավ զգա խաղալիս, ինչը չէի զգում «Արսենալում»:

Թուրքիայում խաղալու խնդիրներ չեն լինի, ես բազմիցս խաղացել եմ այնտեղ: Թուրքիայի հետ պատմությունն անցյալում է (Եվրոպայի լիգայում «Ռոմայի» մրցակիցներից մեկը թուրքական ակումբ է):

Ես խոսել եմ մարզչի հետ, սակայն չեմ կարող վստահ լինել, որ կմասնակցեմ առաջիկա խաղին։ Դեռ 4-5 օր կա: Վաղը կանցկացնեմ առաջին մարզումը թիմի հետ, որից հետո պարզ կլինի: Ես այստեղ եմ, որ լավ խաղ ցուցադրեմ և հաջողության հասնեմ:

Մրցաշրջանը նոր է սկսվել, ուստի դեռ պետք է քայլ առ քայլ գնանք առաջ: Բոլոր թիմերն էլ մեծ հավակնություններ ունեն։ Կարծում եմ, որ իմ և «Ռոմայի» նպատակները համընկնում են: Հետագայում մենք ավելի կոնկրետ պատկերացում կունենանք, թե որոնք են մեր նպատակները», - ասել է հայ ֆուտբոլիստը:

Հավելենք, որ «Ռոման» իր առաջիկա հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 15-ին։ Այդ օրը հռոմեական ակումբը սեփական դաշտում կընդունի «Սասուոլոյին»։