Ֆուտբոլի դասեր ուսուցիչների համար
Աջակցիր «Ա1+»-ին«Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 27-ից սկսվել է հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական գրականության և մարզական գույքի բաշխման աշխատանքները: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
ՀՖՖ հրահանգիչները մեկ ամսվա ընթացքում կայցելեն հանրապետության բոլոր մարզերը եւ ՀՀ գիտության եւ կրթության նախարարության օժանդակությամբ կազմակերպված սեմինար-պարապմունքներին ուսուցիչներին կծանոթացնեն «Ֆուտբոլ» ուսումնամեթոդական ձեռնարկի հետ եւ կներկայացնեն առարկայի առանձնահատկություններին, կանցկացնեն գործնական պարապմունքներ, Դրանք կավարտվեն մարզական գույքի բաշխմամբ: Հարկ է նշել, որ տարեսկզբին ՀՖՖ նման փորձնական աշխատանքներ կազմակերպել էր հանրապետության 450 դպրոցներում:
Առաջինը ֆուտբոլի գաղտնիքներին ծանոթացել են Շիրակի մարզի 120 դպրոցների ուսուցիչները: Այնուհետեւ սեմինար-պարապմունքներ կանցկացվեն Գավառում (կմասնակցեն Գեղարքունիքի մարզի 96 դպրոցներ), Աշտարակում (Արագածոտնի մարզ , 92), Իջեւանում (Տավուշի մարզ , 56), Արմավիրում (Արմավիրի մարզ , 88), Վանաձորում (Լոռու մարզ, 111), Չարենցավանում (Կոտայքի մարզ, 67), Եղեգնաձորում (Վայոց Ձորի մարզ, 31), Արտաշատում (Արարատի մարզ, 82), Գորիսում (68) ու Կապանում (Սյունիքի մարզ, 20): Գործընթացը կավարտվի դեկտեմբերի 22-23-ին, Երեւանում (78):
Ի դեպ, հարեւան Ադրբեջանում նույնպես սկսել են ֆուտբոլ դասավանդել դպրոցներում, սակայն այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան չի շտապում: Վերջինս ամեն շաբաթ ընտրում է մեկ դպրոց, որտեղ մասնագետներն անցկացնում են ֆուտբոլի պարապմունքներ: