Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Աշխարհի գավաթ. Լեւոն Արոնյանը պայքարը կսկսի սպիտակներով

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում այսօր տեղի կունենան տղամարդկանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի անդրանիկ պարտիաները:  

Հայաստանից այս մրցումներին մասնակցում են 4 շախմատիստ: Լեւոն Արոնյանը կհանդիպի եգիպտացի Էսամ Էլ Գինդիի հետ: Առաջին պարտիայում մեր շախմատիստը հանդես կգա սպիտակներով:

Ռոբերտ Հովհաննիսյանը նույն գույնի խաղաքարերով կսկսի ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ պայքարը: Սերգեյ Մովսեսյանը նույնպես առաջին քայլը կկատարի ռուսաստանցի Գրիգորի Օպարինի հետ մրցախաղում, իսկ ահա Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ առաջին պարտիայում հանդես կգա սեւերով:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթը խաղարկվում է նոկաուտ մրցակարգով: Բոլոր փուլերում, բացի եզրափակիչից, շախմատիստներն անցկացնում են 2-ական դասական պարտիա: Ոչ-ոքիի դեպքում հաղթողին որոշում են թայ-բրեյքում:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 1,6 մլն դոլար: Առաջին փուլից դուրս մնացող շախմատիստները կստանան 6000-ական դոլար: Երկրորդ փուլն արժե 10.000 դոլար, 3-րդը՝ 16.000, 4-րդը՝ 25.000, 5-րդը՝ 35.000, 6-րդը՝ 50.000: Մրցաշարի հաղթողը կստանա 120 հազար դոլար, իսկ պարտվողը՝ 80 հազար:

Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավար է նշանակվել Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի մրցավար Աշոտ Վարդապետյանը: