Բացել լրահոսը Փակել լրահոսը
689471909_1425679386270109_3119822021263108085_n
A A
Պաշտոնական

Կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունը

Միացյալ նահանգների ամենատարբեր ոլորտներում հայերի ունեցած ներդրումի և ԱՄՆ 250-ամյակի առթիվ Ամերիկյան պետությունների կազմակերպության կենտրոնակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) համագործակցությամբ կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունը:
 
Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ Սպիտակ տնից, Ազգային անվտանգության խորհրդից, Պետական դեպարտամենտից, Առևտրի, Էներգետիկայի և Պատերազմի քարտուղարություններից, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև տարբեր նահանգներից հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառումը մեկն է այն նախաձեռնություններից, որոնք հայկական կողմը՝ Սպիտակ տան Հանրային կապերի գրասենյակի խրախուսմամբ և աջակցությամբ, իրականացնում է USA250 տոնակատարությունների շրջանակում։
 
Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, ԱՄՆ
Առևտրի քարտուղարության արդյունաբերության և անվտանգության հարցերով փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ անկախության 250-ամյակի պետական միջոցառումների պատասխանատու ընկերության՝ Freedom250-ի գործադիր տնօրեն Քիթ Քրաքը և ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը։
 
Միջոցառումը մեկնարկել է երկու երկրների պետական օրհներգներով՝ Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ Շնորհալի կիրակնօրյա դպրոցի սաների կատարմամբ։ Բացման աղոթքը մատուցել է Տ. Ընծակ ավագ քահանա Նալբանդյանը, որն այնուհետև ներկայացրել է ողջույնի խոսքը՝ Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևվմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ՝ Գերշ. Տ. Հովնան Արք. Տէրտէրյանի և Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Պարսամյանի անունից։ Միջոցառումը վարել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Հայկ Արիյանը:
 
Հանդիսավոր ընդունելության շրջանակում կայացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերանների հիշատակին նվիրված ՀԲԸՄ-ի «Our Boys» գրքի վերահրատարակված տարբերակի ներկայացումը՝ ՀԲԸՄ փոխնախագահ Արդա Հարաթունյանի կողմից։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է1951 թվականին ու փաստագրում է ամերիկահայերի ծառայությունն ու ներդրումը պատերազմի տարիներին։
 
Վերահրատարակված գրքի առաջին օրինակները նվիրվել են Սպիտակ տան Ռազմավարական նախաձեռնությունների գծով փոխտնօրեն Ջեքսոն Քրոյին և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոուլթերին, որը վերահսկում է Ռուսաստանի, Կովկասի և Եվրոպական անվտանգության ու քաղաքական հարցերը։
 
ԱՄՆ տարբեր ոլորտներում հայերի նշանակալի ներդրման պատմությունները ներկայացվել է հայաստանյան արտադրության Ռոբին ռոբոտի կողմից, որը ներկայումս ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ի ավելի քան 40 հիվանդանոցներում և խնամքի հաստատություններում։
Երեկոյի շրջանակում «Marta and Folk Orchestra»-ի կողմից հնչել են հայկական ժողովրդական և ավանդական ստեղծագործություններ։