Ծերունին ուշաթափվեց կենտրոնում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր 11.30-ին Վանաձորի քաղաքապետարանի Սոցիալական ծառայությունների Վանաձորի Տարածքային բաժնի աշխատանքը խաթարվեց:
Բարձր աղմուկից միջանցք դուրս եկած աշխատակիցները հանդիպեցին ձեռնափայտով մի պապիկի, որը ոչ մեկին չէր թողնում սենյակ մտնի ու պահանջում էր, որ իրեն ծերանոց տանեն:
Չլսելով ոչ մի հորդոր, որ դրա համար համապատասխան կարգ կա, միայն պնդում էր, որ իր պահանջը կատարեն:
«Գնացել եմ քաղաքապետարան, ինձ ասել են գնա սոցիալական, հիմա էլ դուք եք ասում մենք չենք կարող, բա ես ո՞ւր գնամ , տուն չունեմ, կինս էլ մահացել է».-ասում էր 84-ամյա Արշակ Մուսայելյանը:
Նա դժվարությամբ էր կանգնում ոտքի վրա եւ անընդհատ դողում էր: Նրան աթոռ առաջարկեցին եւ խնդրեցին, որ մանրամասն պատմի իր խնդիրները, որպեսզի իրենք դիմեն համապատասխան մարմիններին, սակայն նա այլեւս չարձագանքեց ոչ մի հարցի: Քիչ անց նա ցնցումների մեջ ընկավ եւ ուշաթափվեց:
Տեսնելով, որ վիճակը վատանում է, ահազանգեցին շտապ օգնություն: Երբ Շտապ օգնությունն եկավ, պապիկին արդեն ուշքի էին բերել: Բժիշկը արձանագրեց բարձր ճնշում եւ տեղափոխեց հիիվանդանոց:
Ի դեպ, սոցծառայության աշխատակիցները պարզեցին, որ 84-ամյա Արշակ Մուսայելյանը 2007 թ-ից ի վեր Ընտանեկան նպաստ համակարգում չի հաշվառվել:
Նելլի Դավթյան
Վանաձոր