Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 9-ը սեպտեմբերի. Վանո Սիրադեղյանը նստում է մեղադրյալի աթոռին (տեսանյութ)

1997-սեպտեմբերի 9-ի Ազգային Ժողովի նիստում թեւածում է միայն մեկ հարց՝ մենք ու՞ր ենք գնում։ «Դեպի անդունդ»,-ասում է պատգամավորներից մեկը՝ մենք թանկացրել ենք ջուրն ու լույսը, մնում է օդը։

Նույն օրը քննարկվում է նաեւ 60 միլիոն վարկ ստանալու մեկ համաձայնագիր, որով պետք է մարվի մեր արտաքին պարտքը։ Նույն նիստում Ազգային Ժողովի փոխնախագահ Արա Սահակյանը պատգամավորներին ասում է՝ դահլիճում ինչ ուզում եք արեք, միայն մի ծխեք։ Վանո Սիրադեղյանն, օրինակ, բարձրանում է լրագրողների օթյակ եւ նստում նրանց հետ։

Նույն օրը Ազգային Ժողովը «Հանրապետություն» խմբակցությունից դուրս եկած Էդվարդ Եգորյանին զրկում է Ազգային Ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի աթոռից։ Պարոն Եգորյանն ասում է՝ էլ ոչ մի զոհ չմնաց, որին կզրկեն աթոռից, քանի որ քաղաքական գործիչներ չկան։ Իրականացավ, ըստ պարոն Եգորյանի, Բաբկեն Արարքցյանի մանկական երազանքը՝ խորհրդարանը վերածվեց հիմնարկի, իսկ իր ստեղծած «Հանրապետություն» խմբակցությունը դարձել է գավազան։

ՀՀՇ վարչության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանը նույն օրն է հակադարձում «Հանրապետություն» խմբակցությունից դուրս եկած Էդվարդ Եգորյանին։ Վերջինս, ըստ Տեր Հուսիկի, շատ լավ պետք է իմանար, որ պատգամավորական նոր խումբ ստեղծելը կարող է վատ հետեւանքներ ունենալ։ Դա չի նշանակում, թե այդպիսով ուժեղանում է ընդդիմությունը։

1998-ի սեպտեմբերի 9-ին Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու ամերիկացի անդամները Երեւանում հայերին ձմերուկ է հյուրասիրում։ Սա հայկական ձմերուկի տոն չէ, այլ՝ մարդկանց հետ շփվելու առիթ, որը զուտ ամերիկյան է։ Շփումից հետո մնում է աղբը։

Քրիստոնեության 1700-ամյակի առիթով Հայաստանում սպասում են զբոսաշրջիկների մեծ հոսք։ Զբոսաշրջության Հայկական ընկերակցությունը 1999-ի այս օրերին ստեղծում է Պանդոկ ցանցը, որը նախատեսում է հյուրերին տեղավորել բնակարաններում եւ տներում համապատասխան կարգավորումներից հետո։ Դա նաեւ աշխատատեղ է, որին շատերը կարող են մասնակցել։

Հայաստանում առաջին անգամ կբեմադրվի Լեւոն Շանթի «Կայսր» դրաման։ Ամերիկահայ դերասան Ժան Նշանյանն ասում է, որ ժամանակակից Հայաստանի քաղաքական գործիչները «Կայսր»-ում իրենց կգտնեն։ Ներկայացումը կնվիրեն երբեւէ Շանթ չբեմադրած Վարդան Աճեմյանին, որի աշակերտներն են պիեսում խաղացող դերասանները։

1999-ի սեպտեմբերի 9-ին Վանո Սիրադեղյանը նստում է մեղադրյալի աթոռին։ Նրան առաջադրվել են մի շարք մեղադրանքներ, ներառյալ սպանության մեղադրանքը։ Սիրադեղյանը դատարանից ժամանակ է խնդրում գործին եւս մեկ պաշտպան ներգրավելու համար։ Դատարանը տրամադրում է 8 օր։

Տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանը 1999-ի այս օրը մշակույթի նախարարի հետ ժամանում է օպերային թատրոն ներկայացնելու թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին։ Խոսրով Հարությունյանը եկել էր հանգստացնելու կոլեկտիվին, որպեսզի հաշտվեն Տիգրան Լեւոնյանի հեռացման մտքի հետ։ Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի կոլեկտիվի մի մասը չի հաշտվում Տիգրան Լեւոնյանի հեռացման մտքի հետ։ Նույն օրը նրանք հավաքվել են կառավարության առջեւ եւ պահանջում են վերականգնել Լեւոնյանին։ Վերջինս ցուցարարների մեջ է։

2003-ի այս օրը Հայաստանի Ազգային Ժողովը վավերացնում է մահապատիժն անվերապահորեն արգելող Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը։ Ընդդիմադիր պատգամավորների հակափաստարկը «Հոկտեմբերի 27»-ի գործի շուրջ էր: «Արդարություն» խմբակցությունը պնդում է, թե մահապատժի վերացումը երաշխիք է ահաբեկիչների համար: «Վազգեն Սարգսյանը ձեր կուսակցության առաջնորդն էր», - հանրապետականներին դիմելով ասում է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը»:

2005-ի այս օրը ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայ ժողովրդին կոչ է անում բոյկոտել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ «Բոյկոտը ավելի հեշտ է վերահսկել», - փաստարկում է պարոն Մանուկյանը: 2010-ի սեպտեմբերի 9-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկի ղեկավար Էդուարդ Թոփչյանը ողբում է արտագաղթող հայ երաժիշտների համար։ Խմբավարը նկատում է, որ երաժշտական դպրոցներ են փակվում, դասական երաժշտությունը մեռնում է։