Բացել լրահոսը Փակել լրահոսը
ohan duryan
A A
Հասարակություն

Իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է. այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

«Երաժշտությունն իմ աշխարհն է, իմ տարերքը, նվագավարությունը՝ կոչումս: Դիրիժորի իմ ճամփին չափանիշ են եղել Տոսկանինին ու ֆոն Կարայանը: Բայց իմ ամենամեծ ուսուցիչը նորին մեծություն երաժշտությունն է... այն բոլոր կոմպոզիտորները միասին, որոնց կոթողային գործերը փորձել եմ մեկնաբանել իրենց մտահղացման հանգույն և իմ հոգուց բխեցնելով»,- ասում էր աշխարհի 100-ից ավելի նվագախմբերի վահանակի մոտ կանգնած աշխարհահռչակ մաեստրոն` «արվեստի ասպետ» Օհան Դուրյանը: Համերգների ժամանակ նա չէր օգտվում պարտիտուրից ու դիրիժորական փայտիկից` նախընտրելով իր խոսուն ձեռքերի լեզուն: Արտասահմանյան մամուլը նրան համեմատում էր Բերնսթայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ:

Երուսաղեմում ծնված ու կրթություն ստացած, Փարիզում ու Վիեննայում արվեստը կատարելագործած դիրիժորն իր ապագան կապեց հայրենիքի, այն ժամանակ Խորհրդային Հայաստանի հետ: Քանի որ երկու աստղ նույն ազգանունով երկնակամարում փայլել չէին կարող, Հովհաննես Խաչատրյանը դարձավ Օհան Դուրյան:

 

Այսօր Օհան Դուրյանի ծննդյան օրն է:

Օհան Դուրյանը ծնվել է 1922 թվականին Երուսաղեմում:

Մինչև 1950-ականները նա ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։

Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։

1998-2001 թթ. եղել է Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Այդ պաշտոնից նրան հեռացրել է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը: Որոշ ժամանակ Օհան Դուրյանը, վիրավորված լինելով Հայաստանի իշխանություններից, հեռանում է Հայաստանից Մոսկվա: Սակայն լինելով հայրենասեր մարդ՝ նա դարձյալ վերադառնում է Հայաստան: Իսկ 2008 թվականին միանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժմանը՝ համարվելով շարժման սիրելի մասնակիցներից մեկը: Բոլոր ժամանակներում մաեստրոն միշտ եղել է ժողովրդի կողքին և մշտապես մտահոգվել հայ ժողովրդի խնդիրներով:

Օհան Դուրյանը մահացել է 2011 թվականի հունվարի 6-ին, Երևանում: Այսօր նա կդառնար 97 տարեկան:

«Ա1+»-ը ցուցադրում է սիրելի մաեստրոյի մասին՝ 2014թ.-ին նկարած  տեսանյութը: