Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Նալբանդյանի երազանքները

Սպորտ

Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը, որն արդեն 6 ամիս է, ինչ վերականգնվում է ծանր վնասվածքից, հայտարարել է, որ նվազագույնը երկու տարի կշարունակի ելույթները: «Ինձ շատ քիչ ժամանակ է մնացել մեծ թենիսում, ուստի կձգտեմ առաջիկա երկու տարիներին նվաճել «Մեծ սաղավարտի» մրցանակներից գոնե մեկը: 30 տարեկանից հետո արդեն դժվար կլինի հասնել որեւէ մեծ հաջողության», - արգենտինական ԱՄ հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է 27-ամյա թենիսիստը:

Դավիդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերին կմասնակցի Սան Խուանում կայանալիք ցուցադրական մրցաշարին, որպեսզի մինչեւ 2010 թ առաջին պաշտոնական մրցաշարն որոշակի խաղափորձ ձեռք բերի: Նա նոր մրցաշրջանը կսկսի Նոր Զելանդիայում նախատեսված միջազգային մրցաշարով, որը տեղի կունենա հունվարի 11-16-ը, Օկլենդ քաղաքում: Ի դեպ, վերջինիս կազմակերպիչները հատուկ հրավիրել են արգենտինահայ թենիսիստին, չնայած այն բանին, որ նա վնասվածքի պատճառով դեռ լավագույն մարզավիճակում չէ: «Դավիթ Նալբանդյանն աշխարհի ուժեղագույն թենիսիստներից է, որը բոլոր մրցաշարերում էլ պայքարում է բարձր տեղերի համար»,- հայտարարել է այդ մրցաշարի տնօրեն Ռիչարդ Պալմերը:

Խոսելով անցած 6 ամիսների մասին, Դավիթ Նալբանդյանը ասել է, որ այն բավական հագեցած է եղել: «Ես այդ ընթացքում բավական ժամանակ ունեցա շփվելու իմ ընկերուհուս եւ ընկերներիս հետ, հաճախ լինել բնության գրկում եւ զբաղվել ձկնորսությամբ: Կարողացա ներկա լինել Արգենտինա - Բրազիլիա ֆուտբոլային հանդիպմանը»: Նա նաեւ խոստովանել է, որ պատրաստվում է անմիջականորեն դիտել առաջիկա շաբաթ-կիրակի օրերին Արգենտինայում նախատեսված ավտոռալին, բացի այդ իրականացնել իր երազանքներից մեկը' թռչել պարաշյուտով: