Նման դատական իշխանությունն այլևս լուրջ վտանգ է ներկայացնում․ Արթուր Սաքունց
Աջակցիր «Ա1+»-ինԿա երկու կարևոր բան, որ իսկապես բացառիկ է ապրիլյան հեղափոխության մեջ, բաց է թողնվում։ Մեկն այն է, որ հեղափոխությունը կատարվեց և մյուսը, որ կատարվեց արդարադատության, արդարության, արժանապատվության հարգանքի լոզունգներով։ Այդ մասին այսօր «Հետհեղափոխական Հայաստան. Արդարադատության համակարգի վերափոխման խնդիրները» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։
Միջոցառումը կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը։
Քննարկմանը մասնակցում էր նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը, խոսելով դատաիրավական բարեփոխումների մասին, որը վերջերս է նախաձեռնվել, ասաց, որ իհարկե՝ դրանք ողջունելի է համարում, բայց դա պետք է իրականացվեր դեռևս նախորդ տարվա հունիսից։ Նա նաև ասաց, որ այս բարեփոխումների ռազմավարության համար, որը ներկայացվել է իրենց, հնարավոր է առաջարկություններ անել։
Արթուր Սաքունցը, մեջբերելով մի քանի դատական գործեր, ասաց, որ դատական ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծումը ենթադրում է բացառիկ անկախ դատական իշխանության և անկախ դատավորի կողմից արդարադատության իրականացում։
«Ես չգիտեմ, թե ժամանակի առումով մենք ինչքան պիտի ծախսենք, որ ունենանք մեր ցանկալի դատական իշխանությունը և դատավորներին, բայց որ նման դատական իշխանությունը այլևս լուրջ վտանգ է ներկայացնում իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքների ապահովման համար, ակնհայտ է»,- ասաց Արթուր Սաքունցը։