«Հատիսը» հաղթեց նաեւ Թուրքիայում
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Հատիս» կանանց բասկետբոլի թիմը, որը մեկ շաբաթ առաջ առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի լիգայի մրցաշարում` ռուսական «Վոլոգդա-Չեւակատայի» նկատմամբ, գերազանց հանդես եկավ նաեւ մրցաշարի 3-րդ տուրում: Մեր բասկետբոլիստուհիները Ստամբուլում պարզապես ջախջախեցին տեղի «Բեշիկթաշին»` 87:64 (23:17, 51:34, 70:51):
«Հատիսի» կազմում կրկին աչքի ընկավ ճամայկացի Մաուրիտա Ռիդը, ով խաղահրապարակում անցկացրեց 39 րոպե եւ վաստակեց 20 միավոր: Մեր թիմին միավորներ պարգեւեցին նաեւ Գաննա Զարիցկան` 17 (31 րոպե), Բոյանա Վուլիչը` 16 (25), Ջուլիանա Վիանին` 14 (21), Աննա Պոկոյավան` 9 (35), թիմի նորեկ Միլիցա Դաբովիչը` 7 (24) եւ Իվա Սերդարը` 4 (24): Փոխարինման մտան նաեւ Հասմիկ Միքայելյանը, Նաթա Աբուլաձեն ու Աննա Բաղդոյանը:
Այս խմբի (F) մյուս խաղում հունական «Աթինաիկոսը» սեփական հարկի տակ պարտության մատնեց ռուսական «Վոլոգդա-Չեւակատային»` 83:73: «Հատիսն» այս հաղթանակից հետո վաստակած միավորներով` 5, հավասարվեց խմբի առաջատարներին` «Աթինաիկոսին» ու «Բեշիկթաշին»:
Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 3-ին, Երեւանում: Այդ օրը մեր բասկետբոլիստուհիները «Միկա» մարզադահլիճում կընդունեն «Աթինաիկոսին»:
Մրցաշարային աղյուսակ
Խ Գ Մ
1. Աթինաիկոս 3 263-207 5
2. Բեշիքթաշ 3 224-224 5
3. Հատիս 3 244-268 5
4. Չեվակատա 3 234-266 3