Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Արցախում բոլորն էլ գիտեին, թե մարտի 1-ին ովքեր են եկել Երևան և ովքեր են պարգևատրվել․ Վահան Բադասյան (տեսանյութ)

«Արցախում բոլորը գիտեին, թե մարտի 1-ին ով է եկել Երևան, ով ում հետ է եղել կամ ում կողքին է քնել։ Գիտեին, թե ովքեր են պարգևատրումներ ստացել։ Դուք եք այդ մասին նոր իմանում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

Վ․Բադասյանի խոսքերով Արցախի նախագահ Բակո Սահակյանը ոչ միայն տեղյակ էր, որ զորք է գալիս Հայաստան, այլև զորքի անվան տակ տարբեր մարդկանց էին հավաքագրում, զինվորական հագուստ ու տարբերանշան տալիս և ուղարկում այստեղ։ Նա հավելեց, որ ինքը և այն ժամանակ Բակո Սահակյանի խորհրդական Վիտալի Բալասանյանը խնդրել են Սահակյանին Հայաստան զորք չուղարկել, բայց նա իրենց չի լսել։ Իսկ Բակո Սահակյանը ցանկացել է Երևան զորք ուղարկել նաև 2013թ․ նախագահական ընտրությունների շրջանում, երբ ընդդիմության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքներ էր անցկացնում։ Բայց այդ անգամ իրենք կարողացել են դա կանխել։ Վահան Բադասյանի ներկայացմամբ զորք ուղարկվել է նաև 2017թ․ «Սասնա ծռերի» իրադարձությունների ժամանակ։

Ի դեպ, վերջինս անդրադարձավ նաև այդ իրադարձությունների ժամանակ Վիտալի Բալասանյանի ու իր դերակատարությանը՝ հայտարարեց, թե նրան Երևան էին հրավիրել, ոչ թե ՀՀ իշխանությունները, այլև ինքը։ «Ես եմ կապվել ՀՀ իշխանությունների հետ և հանձն առել, թե միջնորդություն կանեմ, և Վիտալին եկավ ինձ հետ ու առանձին գնաց նախագահական։ Ես արդեն գրավոր սևագրել էի, որ այս-այս հարցերի շուրջ խոսենք, թե ով պետք է հրաժարական տա, ինչ պետք է լինի, և ծռերը գնան տուն։ Վիգեն Սարգսյանն ասաց, որ դրանք անընդունելի են։ Բալասանյանն այդ առաջարկությունները դրել էր իշխանությունների սեղանին, բայց նա ոչ թե իրականացրեց միջնորդություն, որ արյուն չհեղվի, ու ծռերին բաց թողնեն, այլև կատարեց խաբեություն, որ տղաներին հանձնվեն։ Ինքն էր այնտեղ ցանկացել, որ իր վրա ազդեցություն գործեն, ինքը ցանկացել էր ծառայել իշխանություններին, որ այդ տղաներին բանտ նստեցնեն։ Վիտալի Բալասանյանը, լինելով Սասնա ծռերի կողմից վստահված անձ՝ առաջինը  ջանք ու եռանդ չխնայեց նրանց տեռորիստ, ահաբեկիչ համարելու համար, ինչը արժանացավ մեր ժողովրդի ցասմանը, արհամարանքին ու ատելությանը»,- հայտարարեց Վ․Բադասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում