Ինչպե՞ս եղավ, որ Ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը կրկնապատկեցիք․ Թամամյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսն այսօր ընդմիջվեց, երբ ներս մտավ նրա՝ ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանը։
Արսեն Թորոսյանը դուրս եկավ, իսկ Թամամյանը շարունակեց ասուլիսը։
Նա նշեց, որ չի ընդունում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարութունը, որ Վ․Ա ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը հեռացվել է աշխատանքից, քանի որ խոչընդոտել է օտարերկրյա ներդրողին։
Նրա խոսքով՝ Արմեն Տանանյանը նշել է, որ ԱԱԾ-ի՝ 11 ամիս տեւած հետաքննության արդյունքներից պարզ է դարձել, որ պաշտոնական դիրքի որեւէ չարաշահում չի եղել։ Նա նշեց, որ այս տարվա հուլիսի 24-ին առողջապահության նախարարությունն ուղարկել էր վերլուծական, որում նշվել էր, որ Ուռուցքաբանության կենտրոնը գրանցել է մեծ հաջողություններ։
Թամամյանը հարցնում է՝ ի՞նչ եղավ մեկ ամսվա մեջ, որ նախարարը իր կարծիքը փոխեց։
«Նախարարը նույն օտարերկրյա ներդրողին հանձնել է շատ կարևոր ոլորտ՝ ճառագայթային բժշկության, որը այս երկրի համար ունի ստրատեգիկ նշանակություն։ Թող իրավապահները պարզեն՝ այնտեղ ի՞նչ է կատարվում, և ինչո՞ւ են մասնագետները հեռանում մասնավոր սեկտոր։ Մեկ բժիշկ երկու լավագույն տեխնիկ և մեկ ֆիզիկ, սա Ճառագայթային բժշկության համար նույնն է, որ գինեկոլոգիայից հեռանան 500 հոգի»։
Գևորգ Թամամյանը նաև կասկածելի է համարում պետպատվերի տրամադրման բաշխման չափորոշիչները։ Դիմելով նախարարին՝ նշեց․
«Ինչպե՞ս եղավ, որ Ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը կրկնապատկեցիք։ Եթե այդքան լավն էր, տասով բազմապատկեիք, թող ամբողջ ժողովուրդը այնտեղ գնար։ Ընդհանրապես՝ ի՞նչ սկզբունքով եք կատարում այդ բաշխումը և ի՞նչ շահ ունեք։ Ինչի՞ մասնավոր կենտրոնի պետպատվերը ավելացրիք՝ մոտավորապես սարքելով 2,7 մլրդ, մինչդեռ ամբողջ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը 1 միլիարդի չի հասնում։ Սրա մասին բարձրաձայնվել է, և բացատրություն չի եղել»,- նշեց նա։