Բացել լրահոսը Փակել լրահոսը
69689336_924003834630107_4116960594005852160_n
A A
Հասարակություն

Ինչո՞ւ է ազատվել Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը․ նախարարի արձագանքը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսն ընդհատվեց՝  ուռուցքաբանության գծով նրա նախկին խորհրդատու Գևորգ  Թամամյանի այցով։

Լրագրողներին նախարարն ասաց, որ Գևորգ  Թամամյանի հետ խնդիրներ չունի, երևի  Թամամյանն ունի խնդիր, քանի որ «այլ շահեր է հետապնդում»։ Հարցին, թե ի՞նչ  շահեր է հետապնդում, նախարարը չպատասխանեց։

Դիտարկմանը, թե ՎԱ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի ազատման ի՞նչ հիմքեր կային, Թորոսյանը պատասխանեց, որ այդ կենտրոնի հետ կապված ընդհանուր բողոքներ կային։

«Ինչպես նաև երբ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը խոչընդոտել էր օտարերկրյա ներդրողին և մինչև հիմա խոչընդոտում է։ որոշումն իրավաչափ է և տեղին, մենք ունենալու ենք կենտրոնի՝ ավել մեծ տեմպերով զարգացում, քան ունեցել ենք մինչ այժմ։ Փոփոխությունը կլինի թե՛ կազմակերպչական մասով, թե՛ որպես ազգային կենտրոն՝ ոլորտը համակարգելու ուղղությամբ։ Ուռուցքաբանության կենտրոնը եղել և մնալու է ստրատեգիական կենտրոն՝ Հայաստանի Հանրապետության ուռուցքաբանության ոլորտում»։

Թորոսյանը հավաստիացրեց, որ Ուռուցքաբանության կենտրոնում կադրային ջարդ չի լինելու, առաջիկայում կենտրոնը համալրվելու է նոր և բանիմաց կադրերով։

Դիտարկմանը, թե կենտրոնի բուժանձնակազմն ասել է, թե իրենք էլ կհեռանան, Արսեն Թորոսյանը պատասխանեց․

«Մենք բուժանձնակազմի դեմ չենք եղել։ Մեկ տարի չորս ամիս է, ինչ ես նախարար եմ, և տնօրեններ են փոխվել, բոլոր տեղերում թեթև անախորժություններ են եղել։ Բոլորը պայմանավորված է եղել մի մտայնությամբ, քանի որ համարում են, որ կենտրոնի տնօրենի պաշտոնը ցմահ է և ժառանգական, բայց դա այդպես չի, իմ պաշտոնն էլ ցմահ և ժառանգական չէ, և ես դրանից շոուներ և պատմություններ  չեմ սարքելու»։

Նախարարը նաև նշեց, որ Ուռուցքաբանության կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։