Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» ստիպված է մասնակցել

Սպորտ

ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի 2010թ. խաղարկությունում Հայաստանը կներկայացնի Երեւանի «Փյունիկը», չնայած հանրապետության այս տարվա չեմպիոնն դիմում էր ներկայացրել ՀՖՖ, որում տեղեկացրել էր, որ հրաժարվում է այդ մրցաշարին մասնակցելուց: Սակայն «Փյունիկը» ստիպված պետք է մեկնի Մոսկվա, քանի որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, որը համարվում է մրցաշարի կազմակերպիչը, նոր կետ է մտցրել կանոնակարգում, ըստ որի խաղարկությանը իրավունք ունեն մասնակցելու միմիայն երկրների չեմպիոնները:

Օրենքի նման խստացման պատճառն այն է, որ վերջին տարիներին տարբեր երկրների չեմպիոնները հրաժարվում էին մասնակցությունից եւ դրանց փոխարինում էին կամ փոխչեմպիոնները, կամ էլ ավելի ցածր տեղ գրաված թիմերը:

Ճիշտ է, վերջին մի քանի տարիներին Հայաստանն այդ մրցումներում հիմնականում ներկայացնում էին առաջնությունում երկրորդ տեղերը գրաված թիմերը, քանի որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը որակազրկել էր հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկին»` Ադրբեջանի չեմպիոն Բաքվի «Նեւթչիի» հետ խաղին չներկայանալու համար:

Նշենք, որ այս տարվա արծաթե մեդալակիր Աշտարակի «Միկան» տվել էր իր համաձայնությունը` չեմպիոնին փոխարինելու համար եւ որոշել էր մեկ շաբաթով կրճատել ֆուտբոլիստների արձակուրդը, բայց թիմի պլանները փոխեց... Մոսկվան: