Մելինե Դալուզյանը 6-րդ տեղում
Աջակցիր «Ա1+»-ինՀարավային Կորեայի Գոյան քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցեցին մինչեւ 63 կգ քաշային կանայք:
Այս մրցումներին Հայաստանից մասնակցեց Մելինե Դալուզյանը: Պոկում վարժությունում նա առաջին փորձից բարձրացրեց 105 կգ ծանրաձողը, սակայն հաջորդ երկու մոտեցման ժամանակ չկարողացավ հաղթահարել 108 կգ ծանրությունը: Արդյունքում, Մելինեն գրավեց 7-րդ տեղը' մրցաշարի առաջատարներ ռուսաստանցի Սվետլանա Սավենկոյից եւ բելառուսցի Հաննա Բատյուշինայից ետ մնալով 7 կգ-ով:
Մելինե Դալուզյանը փորձեց կորցրածը ետ բերել հրում վարժությունում, սակայն նա միայն մեկ հաջող փորձ կատարեց' գլխավերեւում պահելով 130 կգ ծանրաձողը, իսկ ահա հաջորդ երկու փորձերը ձախողեց (137 կգ), եւ դուրս մնաց մրցանակային եռյակից: Չեմպիոնի կոչումը անսպասելի նվաճեց Ղազախստանի ներկայացուցիչ Մայա Մանեզան, որը երկամարտում ցույց տվեց 246 կգ (105+141) արդյունք եւ 6-րդ տեղից միանգամից բարձրացավ առաջին հորիզոնական: Նույնքան բարձրացրեց նաեւ ռուսաստանցի Սվետլանա Ցառուկաեւան (111+135), սակայն նա անձնական քաշով զիջեց Մայա Մանեզային: Երրորդ տեղը գրավեց Թուրքիայի ներկայացուցիչ Սիբել Սիմսեկը' 243 կգ (108+135):
Հիշեցնենք, որ մինչ այդ մասնակցած մեր երկու ծանրորդներն էլ արծաթե մեդալներ էին նվաճել: