Բացել լրահոսը Փակել լրահոսը
69797342_1630465730418298_1094514828464095232_n
A A
Հասարակություն

Կարծես այս երկրի համար նորմալ է, որ պետք է զինվորներին սպանեն, և որևէ մեկը պատասխան չտա․ իրավապաշտան (տեսանյութ)

2019-ի հուլիսի 24-ին Արցախի դիրքերից մեկի չեզոք գոտում հայտնաբերվել է զինծառայող Վոլոդյա Գալոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Մինչ օրս, սակայն, փաստաբան Հայարփի Սարգսյանի խոսքով,  պատշաճ քննություն չի իրականացվել՝ նրա մահվան հանգամանքները պարզելու համար։

Հայարփի Սարգսյանը նշում է, որ զինծառայողի հարազատները ցանկանում են փաստաբանական օգնություն ստանալ, սակայն նրանցից որևէ մեկը դեռ որպես իրավահաջորդ չի ճանաչվել, ինչն էլ անհնարին է դարձրել նրանց ներգրավվածությունը գործում։

«Մեզ համար շատ կարևոր է կարգավիճակը, որպեսզի կարողանանք մեր միջնորդությունները ներկայացնենք։ Մեզ պետք է դատաբժշկական փորձաքննություն, բայց այս պահին զրկված ենք այդ հնարավորությունից։ Եվ որքան ավելի է ժամանակը անցնում, այնքան ավելի հեշտ է քննչական մարմիններին ապացույցներ վերացնել»,- նշեց նա։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանին  այս իրավիճակը հիշեցնում է Մարտի մեկի դեպքերը, երբ տուժողներին 6 ամսից ավել որևէ կարգավիճակ չի տրվել։

Նրա կարծիքով՝ այսպիսի իրավիճակ հնարավոր չէր պատկերացնել նոր իշխանության օրոք։ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ իրեն զարմացնում է այն փաստը, որ մեկ ամսվա մեջ բանակում 4-5 մահվան դեպք է գրանցվել, սակայն որևէ մեկը պատասխան չի տալիս։

«Կարծես այս երկրի համար նորմալ է, որ պետք է զինվորներին սպանեն, և որևէ մեկը պատասխան չտա։ Ի՞նչ է մտածում վարչապետը»,- նշեց նա։