Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131580
A A
Տնտեսություն

Ունենք 19,5 տոկոս արտահանման աճ հուլիս ամսվա համար․ նախարար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուլիս ամսին գրանցվել է 8,1 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ հանրագումարով 7 ամիսների ընթացքում՝ 6,8 տոկոս։

«Սրա տակ, իհարկե, ընկած են ճյուղային աճերը․ 16,1 տոկոս ունենք արդյունաբերության աճ։ Շատ կարևոր է, որ մենք ունենք 19,5 տոկոս արտահանման աճ հուլիս ամսվա համար»,- նշեց նախարարը։

Արտահանման  մասով Խաչատրյանը հավելեց, որ մինչև հուլիս առկա էր արտահանման ծավալների զիջում՝ նախորդ տարվա 6 ամսյա շրջանի համեմատ, իսկ հանրագումարով առկա է ավելի մեծ արժեքով ապրանքի արտահանում, քան եղել է 2018 թվականի 7 ամիսների ընթացքում։

Խաչատրյանի խոսքով՝ մշակող արդյունաբերության ոլորտում կա զարգացում, որը շարունակվում է․ «Կոնյակ, ծխախոտ, շոկոլադ, սարքեր։ Ունենք որոշակի ձեռնարկություններ, որոնք սարքաշինության բնագավառում համապատասխան հաջողություններ ունեն»։

Էկոնոմիկայի նախարարը նաև հավելեց, որ կառավարությունը Միավորված ազգերի կազմակերպության կառույցներից մեկի հետ համատեղ իրականացնում է ներդրումային միջավայրի գնահատում, որը պետք է վեր հանի Հանրապետությունում  ներուժ ունեցող ուղղություները։ 

Լրագրողի հարցին, թե Հայաստանն ինչո՞ւ չի մասնակցում Լեհաստանում անցկացվող տնտեսական համաժողովին, և դա ի՞նչ հետևանքներ է կարող ունենալ, Խաչատրյանը պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում՝ ինչո՞ւ չի մասնակցում։ Մասնակցում են․․․ ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանելու։ Բայց ես չեմ կարծում, որ դա ինչ-որ հետևանք է կարող ունենալ»։

Ըստ նրա՝ տնտեսական ֆորումները հավաքվում են այն նպատակով, որ կոնկրետ երկրի պաշտոնյաներ, կոնկրետ իրենց օրակարգային առաջնահերթություններից ելնելով, հարցեր քննարկեն և համաձայնեցնեն։ 

«Ես կարծում եմ, որ մեկ ֆորումի չեն մասնակցում, բայց մասնակցում են բազմաթիվ ուրիշ կարևոր միջոցառումների, որտեղ որ ավելի մեծ արդյունավետություն է կարելի գտնել»,- եզրափակեց նա։