Բացել լրահոսը Փակել լրահոսը
69309192_2328372660813754_1908244404720631808_n
A A
Հասարակություն

«Բազմաթիվ նամակներ ենք ուղարկել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին»․ սեւազգեստ մայրերը կառավարության դիմաց էին (տեսանյութ)

Սևազգեստ մայրերը կրկին կառավարության դիմաց էին։ Նրանց խոսքով՝ փետրվարին բացված ԱԺ քննիչ-հանձնաժողովը, որը պիտի վերաբացեր խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը, իրենց որդիների մահվան գործերը չի քննում։

Կառավարության շենքի դիմաց ակցիա անող սեւազգեստ մայրերը՝ խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը, պնդում են՝ Քննչական մարմինները, դատախազությունը ոչինչ չեն անում գործի բացահայտման ուղղությամբ։

«Հասարակական կազմակերպությունների հետ դիմեցինք քննչական մարմիններին, ասացին՝ մենք իրավունք չունենք ձեզ քրեական գործ տրամադրենք, որ դուք ուսումնասիրեք, որովհետև գործերը քննության մեջ են, և պահանջում են գաղտնիություն։ Օգոստոսի 31-ին կլրանա իմ տղայի սպանության 12 տարին։ Նախկին իշխանությունը սպանեց, կատարեց հանցագործություն, կոծկեց, իրեղեն ապացույցները փչացրեց, սրանք էլ շարունակությունն են անում»,- նշում է խաղաղ պայմաններում մահացած ժամկետային ծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։

Սևազգեստ մայրերից Իրինա Ղազարյանի խոսքով՝ իրենք բազմաթիվ նամակներ են ուղարկել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին։ Առավելապես վրդովված են, որ վարչապետի տիկինը չի արձագանքում իրենց խնդրանքներին։ Ասում են՝ նամակը օգնականին են հանձնել, բայց Աննա Հակոբյանին այն, իրենց կարծիքով, այդպես էլ չի հասել։

«Հենց նոր ոստիկաններից մեկը զանգահարեց, հեռախոսը փոխանցեց ինձ, հայտնեցին, որ Աննա Հակոբյանի օգնականը աշխատանքի չէ՝ արձակուրդի մեջ է։ Նաև նշեցին, որ Աննա Հակոբյանը ևս արձակուրդի մեջ է, անգամ երկրում չէ, բայց ես ասացի, որ ես նրան երեկ եմ տեսել։ Նաև ուղիղ եթեր էր մտել՝ մայրաքաղաքից։ Մենք դիմում ենք ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, այդ դիմումը նրան չի հասնում։ Մեր տղաների սպանությունների մասին տեղեկությունը Նիկոլ Փաշինյանին ճիշտ չեն հասցնում։ Եթե մենք դիմում ենք գրում Նիկոլ Փաշինյանին, Աննա Հակոբյանին կամ Արթուր Դավթյանին, տեղ չի հասնում։ Իրենք ում ուզում, ուղարկում են»,- ասում է Իրինա Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում