Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասկածվում է նաեւ ՈՒԵՖԱ-ն

Սպորտ

Եվրոպայի ֆուտբոլային միության երկու աշխատակիցներ կասկածվում են լրտեսության մեջ: Ըստ գերմանական «Բիլդ» թերթի տվյալների, նրանք կապ են ունեցել պայմանավորված խաղեր կազմակերպող մի հանցախմբի հետ, վերջինիս նախապես տրամադրելով եվրոգավաթների խաղերին նշանակված մրցավարների անուն-ազգանունները եւ հեռախոսահամարները, որը հանցագործներին հնարավորություն է տվել երկար բանակցություններ վարել մրցավարների հետ եւ գալ հանցավոր համաձայնության:

Ներկայումս գերմանական Բոհումի քաղաքային դատարանը քննում է 200 ֆուտբոլային հանդիպումների մանրամասները, որոնք, ըստ օրինապահների, պայմանավորված են եղել: Ի դեպ, այդ հանդիպումներից երեքը կայացել են չեմպիոնների լիգայի, իսկ 12-ը' Եվրոպայի լիգայի մրցաշարում:

ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղար Ռոբերտ Ֆոքները խոստովանել է, որ Գերմանիայի ոստիկանությունը պահանջել է այդ հանդիպումների մանրամասները' վերջնական եզրակացության գալու համար:

Հավելենք, որ պայմանավորված խաղերի հետ կապված այս տարի Եվրոպայում կատարել են 50 հետախուզում, ձերբակալել 200 կասկածյալ, այդ թվում 15-ը' Գերմանիայում:

Այսօր ՈՒԵՖԱ-ի գործկոմը կանցկացնի արտահերթ, այսպես ասաց «ճգնաժամային» նիստ, որի ժամանակ խոսք կգնա պայմանավորված հանդիպումների մասին: Նիստին հրավիրվել են 9 ազգային ֆեդերացիաների' Գերմանիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Խորվաթիայի, Սլովենիայի, Թուրքիայի, Հունգարիայի, Ավստրիայի եւ Բոսնիայի ներկայացուցիչները:

Հարկ է նշել, որ պայմանավորված խաղերի հետ կապված սկանդալը զայրացրել է հանրահայտ «Ադիդաս» եւ «Պումա» ընկերությունների ղեկավարներին, որոնք հայտարարել են, որ այլեւս չեն հովանավորի այն ակումբներին, որոնց մասնակցությունը պայմանավորված խաղերում կապացուցվի: Ի դեպ, ընկերությունները նման քաղաքականություն են վարում նաեւ խթանիչներ օգտագործող մարզիկների նկատմամբ, որոնց հետ ընդհանրապես չեն համագործակցում: