Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գագիկ Խաչատրյանի փաստաբանները կբողոքարկեն ձերբակալման որոշումը (տեսանյութ)

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական հինգ հոգանոց խմբի անդամ, փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են բողոքարկել իրենց պաշտպանյալի ձերբակալման որոշումը։

Ըստ փաստաբանի՝ այս փուլում Խաչատրյանի ձերբակալությունն իրաաչափ չէր։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք ձերբակալությունը պայմանավորվա՞ծ է եղել քննություններից թաքնվելու հիմքով՝ Սարգսյանն ասաց, որ քննիչն այդ փաստն է նշել։

Սակայն Խաչատրյանի փաստաբանի խոսքով՝ արդեն մի քանի տարի է անցել, և այս ընթացքում ձերբակալությունը ոչ իրավաչափ է, և նախատեսում են այն բողոքարկել։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը օգոստոսի 27-ին խուզարկություններ է կատարել Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է։

Նշենք նաև, որ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն այսօր ասել էր, որ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում ՊԵԿ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը)։

Խաչատրյանն արդեն վերականգնել է պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը, իսկ գործի նախաքննությունը շարունակվում է։