Մեկնաբանելու որևէ բան չունենք․ առողջապահության նախարարության խոսնակը՝ ուռուցքաբանի գրառման մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր առողջապահության նախարարի՝ ուռուցքաբանության գծով խորհրդատու Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր Արսեն Թորոսյանին՝ իր լիազորությունները դադարած համարելու համար։
Այս կապակցությամբ «Ա1+»-ը կապ հաստատեց առողջապահության նախարարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչն է պատճառ դարձել այդպիսի դիմումի համար։
Նիկողոսյանն ասաց, որ խորհրդատուի պաշտոնը արտահաստիքային և հայեցողական է, և որ նախարարն ունի թվով 47 խոհրդատու։ Հարցին, թե արդյո՞ք անձնական որևէ խնդիր է եղել Թորոսյանի և Թամամյանի միջև, նա պատասխանեց․ «Մեկնաբանելու որևէ բան չունենք»:
Գրառման կապակցությամբ «Ա1+»-ը փորձեց նաև հավելյալ տեղեկություն ստանալ Թամամյանից։ Հարցին, թե արդյոք իր դիմումը կապ ունի՞ «Գարդասիլ»-ով պատվաստման հետ, պատասխանեց, որ կապ չունի։
«Տեքստում փորձել եմ գրել հնարավորինս մանրամասն»,- եզրափակեց նա։
Իր դիմումի մեջ Թամամյանը մասնավորապես նշել էր, որ իր որոշման ամենակարևոր պատճառն այն է, որ Թորոսյանն առողջ բանականության փոխարեն նախընտրեց ֆեյսբուքյան սին մեկնաբանություններն ու պոպուլիստական հայտարարությունները:
«Ցավում եմ, քանի որ ունեիք բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ կատարելու Հայաստանի առողջապահության ոլորտում, սակայն նախընտրեցիք սուտն ու կեղծիքը, նախընտրեցիք ընտրել այն սենյակը, որտեղ ամենախելացին Դուք կերևայիք, բնավ չընկալելով, որ կայացած բժիշկների նկատմամաբ խանդով ու նախանձով լցվելով և անկարող և նեղմիտ կադրերով ոլորտը լցնելով, քանդում եք այն»,- գրել էր նա: